ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հարցազրույց է տվել «Arab News Daily» պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ վերջին բախումները ամենաթեժը դարձան 1990-ականներից հետո: Լուրջ մտահոգություններ կան` կապված տարածաշրջանային պատերազմի հնարավոր բռնկման հետ, որի մեջ կարող են ներքաշված լինել Ռուսաստանն ու Թուրքիան։ Մենք մանրամասն կզրուցենք այն մասին, թե ինչ է այնտեղ կատարվում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Մհեր Մարգարյանի հետ` Նյու Յորքում: Պարոն դեսպան, շնորհակալ եմ մեզ միանալու համար:
Վերջին մի քանի օրերի ընթացքում հակասություններ արձանագրվեցին Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ` բախումների կապակցությամբ: Նախագահ Մակրոնը Թուրքիային շատ հստակ ազդակ է հղել, որ վերջինիս ռազմատենչ հայտարարություններն անընդունելի են Ֆրանսիայի համար։ Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եւս մատնանշում է, որ արտաքին միջամտություն կա։ «Reuters»-ը հաղորդել է, որ Թուրքիան օտարերկրյա վարձկանների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ պատերազմելու: Որքանո՞վ եք մտահոգված օտարերկրյա միջամտությամբ եւ արտաքին ուժերով, որոնք աստիճանաբար սկսում են ներքաշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ:
Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինչպես Դուք ինքներդ արդեն նշեցիք, կան բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ արտաքին ահաբեկիչ մարտիկների եւ վարձկանների միջամտության վերաբերյալ, եւ արդեն իսկ միջազգային հանրության եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների կողմից հստակ կոչեր են հնչել։ Օտարերկրյա վարձկանները, որոնք, ըստ էության, հավաքագրվում եւ տեղափոխվում են Թուրքիայի աջակցությամբ (եւ այո, եկեք իրերն իրենց անուններով նշենք), խիստ վնասակար տարրեր են, եւ դրանց գործունեությունն ու տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի պետք է կասեցվի:
Շատ է խոսվել այս հակամարտության բռնկման կամ վերսկսման ժամկետների մասին։ Ի՞նչ կարող եք ասել ժամկետների վերաբերյալ։ Ինչու՞ այժմ։
Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին նախորդել է երկար տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից քաղաքական ամենաբարձր մակարդակով բացահայտորեն եւ հետեւողականորեն քարոզած ատելության խոսքի եւ հայատյացության վտանգավոր հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսում էր ատելության հողի վրա կատարված հանցագործությունները եւ փառաբանում այդ հանցագործությունները կատարողներին։ Դրա հետ մեկտեղ նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսել մահացու հարձակողական սպառազինություն ձեռք բերելու վրա եւ բացահայտորեն սպառնացել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին՝ խոստանալով ուժ կիրառել: Նրանց համար, ովքեր հետեւել են, ամենեւին անակընկալ չէր այն, որ ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ Ադրբեջանի նախագահի ելույթը ոչ միայն ատելության խոսքի դասական օրինակ էր, այլեւ, ինչպես մենք արդեն գիտենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմի հայտարարություն` հստակ ցեղասպան նպատակներով։
Հարձակումը նաեւ տեղի է ունենում նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամի ֆոնին, երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հիվանդության դեմ պայքարն է: Ակնհայտորեն կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է օգտվել համավարակի հետեւանքով աշխարհում ի հայտ եկած խոցելիություններից՝ ինչպես նաեւ իր սեփական երկրի ներսում առկա անկայունությունների լույսի ներքո:
Սա պարզապես հարձակում չէ հայերի դեմ: Սա հարձակում է մարդկության հիմնարար արժեքների դեմ, հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը խորհրդանշում է ՄԱԿ-ը:
Խոսելով ՄԱԿ-ի մասին. ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ բոլոր կողմերին կոչ է ուղղել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բնականաբար, Ադրբեջանն ու Հայաստանը հրաժարվեցին վերադառնալ բանակցությունների: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին: Ի՞նչ է անհրաժեշտ նստելու եւ բանակցելու համար, եւ, առաջին հերթին, արդյո՞ք դա հնարավոր է:
Հայաստանը երբեք չի հրաժարվել խաղաղ բանակցություններից, մենք ընդգծել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների` Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում ներգրավվելու կարեւորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, իրոք, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին եւ դադարեցնել մարտերն ու նվազեցնել լարվածությունը: Սակայն Ադրբեջանը, կարծես, մտադիր չէ հետեւելու այդ կոչին:
Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ էր արել COVID-19 համաճարակի վաղ շրջանում: Դեռեւս մարտին նա կոչ էր արել աշխարհում դադարեցնել ռազմական գործողությունները` լռեցնել զենքերը, կասեցնել հրետանին, վերջ տալ օդային հարվածներին: Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, ով աջակցեց այս կոչին, եւ ավելի քան 170 երկրներ եւս միացան այդ նախաձեռնությանը: Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց սատարել Գլխավոր քարտուղարի կոչին, այլ նաեւ դիմեց լայնածավալ ռազմական ագրեսիայի, ինչի ականատեսն ենք մենք այսօր:
Ո՞րն է այսօր՝ ներկայիս պայմաններում, Մինսկի խմբի դերը: Արդյո՞ք այն դեռ ունակ է զսպելու հակամարտությունը: Արդյո՞ք ակնկալում եք, որ դրա անդամները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, կհաղթահարեն այլ հակամարտությունների շրջանակներում ձեւավորված տարաձայնությունները եւ կհամախմբվեն Հայաստանի շուրջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդություն իրականացնելու միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափն է: Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով արտահայտել են հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ իրենց միասնական դիրքորոշումը, եւ նրանք շատ հստակ հայտարարել են, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Կոչեր են հնչել նաեւ արտաքին ուժերին եւ օտարերկրյա մարտիկների ներգրավվածության վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեռու մնան հակամարտությունից: Կարծում եմ ՝ պարզ է, թե ում են ուղղված այդ կոչերը:
Ձեր կարծիքով, ի՞նչին է ձգտում Թուրքիան իրականում այս ամենի արդյունքում: Ո՞րն է ձեր ուղերձը միջազգային հանրությանը, եւ ինչպիսին են Երեւանի ակնկալիքները աշխարհից՝ Թուրքիայի առումով։
Մենք Թուրքիայի ներգրավվածությունը դիտարկում ենք որպես մեր տարածաշրջան անկայունություն արտահանելու հերթական փորձ: Մենք ականատես ենք հակամարտության գոտում թուրք զինվորականների ներգրավվածության աճին: Սա մի երեւույթ է, որ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Թուրքիայի ապակայունացնող գործողությունները, թե՛ Արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում, հայտնի է:
Որքանո՞վ է այս ամենը կապված տարածաշրջանի ռազմավարական կարեւոր նշանակության հետ, որն ամբողջ աշխարհին նավթ մատակարարող նավթամուղների միջանցք է հանդիսանում։ Որքանո՞վ է դա կապված այս կարեւոր փաստի հետ։
Դա իրավիճակը շատ վտանգավոր է դարձնում, եւ, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան չզսպվեն, դա կարող է հանգեցնել սրման, որի հետեւանքները կարող են կործանարար ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի վրա եւ դրանից դուրս: Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է խելամիտ գտնվեն եւ հետեւեն միջազգային հանրության, ներառյալ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի վերջին կոչերին՝ հաշվի առնելով նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա հաղորդագրությունը։ Նրանք պետք է բարեխղճորեն հանձնառու լինեն խաղաղությանը։
Ինչպե՞ս են հայերը վերաբերվում տարածաշրջանում ընթացող հակամարտությանը, որը տասնամյակներ է տեւել եւ բազմաթիվ կյանքերի կորստի ու տեղահանության է պատճառ է դարձել: Ի՞նչ նշանակություն ունի այս տարածաշրջանը հայերի գիտակցության մեջ:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը 1991թ-ին: Նրանք բոլոր իրավունքներն ունեն ապրելու իրենց նախնիների պատմական հողում` առանց վախերի եւ օտարերկրյա հարկադրանքի: Խնդրի հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Նրանք այդ իրավունքն իրացրել են հանրաքվեի միջոցով` դեռեւս 1991 թվականի դեկտեմբերին՝ միջազգային իրավունքի եւ այդ ժամանակ գործող Խորհրդային օրենսդրության համապատասխան: Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր, կձեռնարկի բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց անքակտելի իրավունքները: Ամբողջ աշխարհում ապրող հայերը խիստ համախմբված են այս հարցում, քանի որ մենք՝ հայերս, չենք կարող թույլ տալ, որ Թուրքիայի կողմից խրախուսվող եւ աջակցվող ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում եւս մեկ ցեղասպանություն իրականացվի հայ բնակչության նկատմամբ:
Ի՞նչ կասեք ԱՄՆ-ի մասին։ ԱՄՆ առաջնայնությունների տեսակետից` Լեռնային Ղարաբաղը, կարծեմ, 2001թ-ից ի վեր, նկատելի չէ։ Արդյո՞ք ակնկալում եք ավելի ակտիվ ամերիկյան դերակատարություն։
Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Մենք շատ բարձր ենք գնահատում ԱՄՆ դերը եւ ներգրավվածությունը՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ: Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում է արտահայտել վերջին սրացման առնչությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ որպսզի արտաքին դերակատարները զերծ մնան հակամարտության մեջ ներգրավվելուց: Մենք ԱՄՆ-ից ակտիվ մասնակցություն ենք ակնկալում ՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ միասին:
Ո՞վ է ցանկանում սրել այս հակամարտությունը։ Ո՞վ կարող է շահել այս հակամարտությունից։
Դժվար է ասել, թե ում է ձեռնտու այս իրավիճակը, բայց, մի բան քաջ հայտնի է ոչ միայն փորձագիտական համայնքին եւ միջնորդներին, այլ նաեւ միջազգային հանրությանը, թե ով է իրականում հրահրում այս իրավիճակը, եւ ով է սկսել ռազմական գործողությունները: Մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի եւ հարձակողական սպառազինության կուտակմանը, տեսնում ենք ատելության խոսքի ուժգնացումը եւ ատելության սադրումը, ընդ որում` ոչ միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանում բնակվող հայերի, այլեւ աշխարհասփյուռ հայերի հանդեպ: Այս ամենը շատ լավ փաստագրված է եւ խստորեն քննադատվել է մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների կողմից: Զարմանալի չէ, որ Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահը առանձնացրեց մի քանի հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ քննադատեց դրանց՝ իր երկրում մարդու իրավունքների խախտումները դատապարտելու համար:
Ինչպիսի՞ ուղերձ կհղեիք Ադրբեջանի նախագահին։
Ադրբեջանի նախագահին, իրականում, մի քանի անգամ ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շատ հստակ նշել էր, որ այս երկարատեւ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։
Սա շատ կարեւոր ազդակ էր, սակայն, ադրբեջանական կողմից այն շարունակում է անարձագանք մնալ, իսկ բռնության վերջին հրահրումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը ունակ չէ փոխադարձաբար արձագանքելու այսպիսի կարեւոր կոչին: Այսպիսով, ուղերձը բարձրաձայն ու հստակ հղվել է, այն հղվել է Հայաստանի վարչապետի կողմից: Սակայն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից վերջերս իրականացված հարձակումներն ու ագրեսիան մեզ հույս չեն ներշնչում, որ այդ երկրի ղեկավարությունն ունակ է այդ կոչին պատշաճ արձագանքելու:





























