Եվրամիությունը դրական է գնահատում 2010 թվականին Հայաստանում սկսված քաղաքական երկխոսությունը: Այդ է փաստում Եվրահանձնաժողովի ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարի այսօր` մայիսի 25-ին հրապարակած զեկույցը հարեւան 12 երկրների վերաբերյալ:

Դիտարկելով անցած տարի իրականացված քայլերը, փաստաթուղթը արձանագրում է, որ պաշտոնական Երեւանը առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում, այդ թվում` քաղաքական երկխոսության ու բարեփոխումների:

«Դրական քայլեր են ձեռնարկվել ներքաղաքական ճգնաժամը հարթելու եւ 2008 թվականի մարտի 1-ից հետո կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու ուղղությամբ», - հայտարարում է կառույցը՝ միաժամանակ ընդգծելով, որ ոչ բոլոր ընդդիմադիրներն են ազատ արձակվել:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, զեկույցում ասվում է, որ որոշ բարեփոխումներ են արվել նաեւ դատարանների թափանցիկությունը ապահովելու ուղղությամբ, այդուամենայնիվ, «արդարադատության համակարգի անկախությունը շարունակում է լուրջ մտահոգությունների տեղիք տալ»: Դրական, սակայն ոչ լիարժեք  են գնահատվել նաեւ հավաքների ու խոսքի ազատությունը ամրապնդելու ուղղությամբ կատարված քայլերը:

«Լրատվամիջոցների բազմակարծությունը մնում է սահմանափակ», - արձանագրել է զեկույցն ու հիշեցնում, որ ԵԱՀԿ-ն քննադատել է  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կատարված  վերջին փոփոխությունները:

Քննադատության արժանացած հաջորդ ոլորտը կալանավայրերն են: «Դեռեւս հաղորդումներ են ստացվում ազատազրկվածների նկատմամբ կիրառվող կտտանքների ու վատ վերաբերմունքի մասին», - փաստել է զեկույցը՝ ընդգծելով, որ  2010-ին առաջընթաց չի արձանագրվել  բանտային պայմանները բարելավելու կամ անչափահասների նկատմամբ արդարադատությունը կատարելագործելու ուղղությամբ:

Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ Եվրամիությունն արձանագրում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը խոչընդոտել է տնտեսական բարեփոխումների իրագործմանը, աղքատության հաղթահարմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը, այդուամենայնիվ, Հայաստանը կարողացել է խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել եւ որոշ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական անկման ազդեցությունը մեղմելու համար: