«Ժառանգությունը» հայտարարություն է տարածել նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը:

«Ժառանգությունը»  իր վճռական բողոքն է հայտնում քաղաքական դրդապատճառներով սկիզբ առած այդ քրեական գործի եւ թատերականացված դատավարության, ինչպես նաեւ արդեն 15-րդ օրը բանտում հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի արդարացի պահանջներից եւ ոչ մեկի չկատարման կապակցությամբ: Հացադուլի միջոցով Տիգրան Փոստանջյանը իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդակային եւ նվաստացուցիչ պայմաններից,  իր դեմ որպես խափանման միջոց ապօրինաբար ընտրված կալանքից եւ առհասարակ իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից:

Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ ԱԱԾ-ի համատեղ ջանքերով կյանքի կոչված այս պատվիրված գործն ուղղված է Զարուհի Փոստանջյանի ու   «Ժառանգություն» կուսակցության եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության` օրեցօր աճող ակտիվության եւ ընդվզման դեմ: 

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել այս անօրինական քրեական հետապնդումը եւ արդար դատաքննության միջոցով արդարացնել եւ ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին»: