Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի աշխատակիցները, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել Գավառի բնակիչ 20-ամյա Լեւոն Զախարյանին, ով մեղադրվում է ուսանողին դաժան ծեծի ենթարկելու մեջ:

Ինչպես Գավառից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Լեւոն Զախարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Դատավոր Վանիկ Վարդանյանը դռնփակ դատական նիստում բավարարել է միջնորդությունը եւ երկու ամսով կալանքի որոշում կայացրել Լեւոն Զախարյանի նկատմամբ:

Գավառցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Լեւոն Զախարյանը այս տարվա մայիսի 21-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Գավառի պետական համալսարանի հարեւանությամբ գտնվող «Բերկուտ» ռեստորանային համալիրի դիմաց դաժան ծեծի է ենթարկել Գավառի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող 21-ամյա Ալբերտ Ղարիբյանին: Վերջինս այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նա ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղային սալջարդ, ներգանգային հոմոտեմիա (՞), վերին ծնոտի եւ քթի կոտրվածք, նաեւ դեմքի սալջարդ:

Նշված վերքերի ախտորոշմամբ, նրան նույն օրը գիշերը Գավառի հիվանդանոցից  տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ծեծից հետո Ոստիկանության գավառի բաժնում ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ` բաժնի պետ Լեւոն Մուխսիկարոյանի գլխավորությամբ: Այդ խումբը տեղեկություն է ստացել, որ Լ. Զախարյանը արդեն տոմսեր է գնել Մոսկվա մեկնելու համար եւ ցանկանում է փախչել երկրից:

Դեպքից մի քանի օր անց Լ. Զախարյանին ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, երբ նա արդեն պետք է օդանավ բարձրանար:

Ի դեպ, այդ գործով որպես վկաներ են անցնում եւս 6 մարդ: Ոստիկանության քննիչը  նրանցից ստորագրություն է վերցրել քաղաքից չբացակայելու համար:

Ի դեպ, Լեւոն Զախարյանը Գավառում հայտնի հեղինակություն համարվող, հանգուցյալ Անդրանիկ Մարտիրոսյանի (մականունը «Պալի Անդո») քրոջ որդին է: Զախարյանը նաեւ Գավառի քաղաքապետի ազգականն է:

Գավառցիները նշել են նաեւ, որ «գոնե այս անգամ ոստիկանությունն ու դատարանը օբյեկտիվ նախաքննություն կանցկացնեն եւ Գավառը տեռորի ենթարկող «Պալի»-ի ազգականները անպատիժ չեն մնա»:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի