Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը չի հերքել տեղեկությունն այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյաները Նոտարիատում  գործարքներ կնքելիս չեն վճարում պետական տուրքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 25-ին ԱՆ Նոտարիատի բաժնի նախկին պետ  Մարիամ Գաբոյանն ասուլիսում վրդովված ասել էր, թե  բարձրաստիճան պաշտոնյաները  Նոտարիատում  գործարքներ անելիս չեն վճարում պետական տուրքը: Այս առնչությամբ մայիսի 26-ին կառավարության նիստից հետո Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը պարզաբանումներ է ներկայացրել լրագրողներին:

«Նոտարիատի բաժինը, որը կազմակերպվեց պետք է զբաղվեր վերահսկողությամբ, որպեսզի պետական տուրքերը վճարեին բոլորը, հետեւաբար արդեն իսկ ինքն իր հարցի պատասխանը տվեց դրանով: Մի գուցե վերակազմակերպման հիմքերից մեկը հենց դա էր, որ պատշաճ վերահսկողություն չէր իրականացվում, այնինչ այդ բաժնի գերխնդիրը հենց դա էր»,-ասել է Մուրադյանը:

Հարցին, թե մինչ Գաբոյանի հայտարարությունը իրենք տեղյա՞կ էին, որ տուրքեր չէր վճարվում, թե՞ այդ մասին տեղեկացել են պաշտոնանկ կոլեգայի ահազանգից հետո, նա պատասխանեց. «Այդ ահազանգը ինքը պիտի առաջինը ստանար եւ ժամանակին վերլուծեր: Մնացյալ մասով հետագա ահազանգերը, որոնք կլինեն օրինականության վերահսկողության տեսչությանը, բնականաբար, բոլորը ուսումնասիրվելու են եւ արժանանալու են արձագանքի»,-վստահեցրել է փոխնախարարը:

Հարցին, թե  այս սկանդալային հայտարարությունից հետո կուսումնասիրե՞ն այն գործարքները, որոնց դեպքում չի վճարվել պետական տուրք, Մուրադյանը խուսափել է մեկնաբանել, սակայն վերստին պնդել է, որ այն ժամանակին Գաբոյանի ղեկավարած բաժնի  խնդիրն է եղել`  ուսումնասիրել այդ փաստերը եւ ընթացք  տալ սահմանված կարգով:

Դիտարկմանը, թե եթե բացահայտեն, որ Մարիամ Գաբոյանը տեղյակ է եղել ու չի զբաղվել դրանով, կպատժվի՞, նա արձագանքել է, «Եթե մենք ունենանք հավաստի տվյաներ, որ եղել են նման անօրինանություններ, մենք անհապաղ ընթացք կտանք»,-հավաստիացրել է Գրիգոր Մուրադյանը: