Ղարաբաղյան հակամարտության, երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, արտագաղթի եւ հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին Հայաստանին ժամ առաջ արտահերթ ընտրություններ են հարկավոր։ Մայիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը։
«Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ ինչ-ինչ քայլեր պետք է ձեռնարկի, սակայն նաեւ գիտակցում է, որ ինչ կարող է նշանակել իր համար Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ցանկացած քայլ։ Նա մի կողմից պետք է անի քայլեր՝ ի օգուտ Հայաստանի, որոնք մյուս կողմից ի վնաս իրեն են»,- նշեց ՀՀՇ-ական գործիչը:
Նրա խոսքով, սակայն, իշխանությունն այնքան խոհեմ չէ, որ այս պահին գիտակցի արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը եւ պատրաստ չէ նման քայլ կատարել։



























