NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Իսրայելի խորհրդարանի նախկին աշխատակից Սյուզան Հաթիս Ռոլեֆի հոդվածը, որը հրապարակվել է իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915-1916 թվականներին թուրքերը պատասխանատու են եղել Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունների համար: Առաջիններից մեկը, ով զգուշացրել է չարագործության բնույթի եւ մեծ ընդգրկման մասին եղել է Աարոն Աարոնսոնը` Զիհրոն-Յաակովի հայտնի գյուղատնտեսը, որը հիմնադրել էր «Նիլի» լրտեսական ցանցը: Այն օսմանյան զորքերի տեղաշարժի եւ այլ ռազմավարական հարցերի մասին կարեւոր տեղեկություններ էր հավաքում եւ փոխանցում էր բրիտանական իշխանություններին:

Աարոնսոնի ազգակիցներից եւ գործընկերներից մի քանիսն իսկապես ականատես են եղել սպանդի դրսեւորումներին: 1916թ. նոյեմբերին Աարոնսոնը բրիտանական իշխանություններին ուղարկեց «Հայաստանի օգտին» հուշագիրը, որտեղ նկարագրել է վայրագությունները: Դրանից էլ մեկ ամիս առաջ Աարոնսոնը նամակ էր ուղարկել առաջատար ամերիկացի սիոնիստ, դատավոր Ջուլիան Մաքին` փորձելով համոզել նրան ընդունել բրիտանահաճո դիրքորոշում: Այդ նամակում Աարոնսոնը նկարագրել է նաեւ հայերի կոտորածները` պնդելով, թե հայերի եւ հնարավոր է նաեւ հրեաների դեմ օսմանյան քաղաքականության վրա գրված է «պատրաստված է Գերմանիայում»:

Սակայն, մինչեւ վերջերս Իսրայելը լռում էր այդ իրադարձությունների մասին` բերելով բազմաթիվ փաստարկներ, որոնցից յուրաքանչյուրը խայտառակություն է:

Առաջին փաստարկն այն է, որ Թուրքիան չի ընդունում հայերի պլանավորված հետեւողական սպանությունները, նաեւ նվազեցնում է տուժածների քանակը (թիվ, որն արդարացնում է «գենոցիդ» տերմինը), եւ քանի որ Իսրայելը տարիներ շարունակ Թուրքիային դիտարկել է որպես ռազմավարական դաշնակից` մուսուլմանական հատուկենտ երկրներից մեկը, որ կարող էր այդպիսինը համարվել, ապա Իսրայելի համար ճիշտ կլիներ «չարթնացնել քնած շանը»: Այն փաստը, որ այլ պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն նույն քաղաքականություն էին որդեգրել` արդարացնում էր Իսրայելի դիրքորոշումը:

Երկրորդ արդարացումը եղել է այն, որ եթե հայերի կոտորածն անվանել գենոցիդ, ապա դա կարող է նվազեցնել Հոլոքոստի հրեշավորությունը: Իսրայելի այս դիրքորոշումը վերաբերում է նաեւ ցեղասպանության մյուս դեպքերին, եւ իմ կարծիքով, ոչ միայն հիմնավորված չէ, այլեւ խատառակություն է: Հրեական Հոլոքոստը հանգամանքների եւ դրսեւորումների տեսանկյունից, անկասկած, բացառիկ է: Այդուամենայնիվ դա չի արդարացնում մյուս ժողովուրդների հետ տեղի ունեցած սարսափները մերժելն ու նսեմացնելը:

Երրորդ փաստարկ. քանի որ մենք չենք սիրում, երբ մեզ քննադատում են պաղեստինցիների նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար` մենք էլ պետք է խուսափենք քննադատել մյուս երկրներին իրենց փոքրամասնությունների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի համար: Այս արդարացումը հիմարություն է եւ կարող է  հարվածել մեզ բումերանգի նման, քանի որ որքան էլ խնդրահարույց է եղել արաբ քաղաքացիների եւ պաղեստինցիների հետ մեր հարաբերությունների պատմությունը, այն ընդհանրապես նման չէ այն ոճրագործություններին, որոնց մասին մենք խոսում ենք:

Խայտառակություն է, որ միայն հիմա, երբ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները թուրքական անսանձ հարձակումների պատճառով աննախադեպ սուր են, Իսրայելը վերջապես որոշել է հնարավորություն տալ իր հասարակությանը խոսել Հայոց Ցեղասպանության մասին:   

Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Զեհավ Գալ-Օնայի առաջարակով մայիսի 18-ին Կնեսետը որոշեց այդ թեմայով բաց քննարկում անցկացնել Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում, որի լսումները հանրային են, իսկ արձանագրությունն ամբողջությամբ հրապարակվում է Կնեսետի կայքում:

Ոչ ոք դեմ չեղավ այդ հարցը հանձնաժողովում քննարկելուն: Աջակողմյան, ձախակողմյան, կրոնական ու աշխարհիկ հռետորները ելույթ էին ունենում դրա օգտին: Լավ է ուշ, քան երբեք, բայց խայտառակություն է, որ այսքան ուշ: