Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 26-ին կառավարությունում հանդիպել է Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտների, Երեւանի Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների եւ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների հետ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է. «Կփորձեմ մեկ դասաժամի՝ 45 րոպեի ընթացքում, ներկայացնել մեր կառավարության գոյաբանության սկզբունքները»:

Նրա խոսքով, Կառավարությունը առանձնացրել է կարեւորագույն 5 հենասյուները, որի վրա պետք է կառուցի իր ծրագիրը:

Սկզբունքներից առաջինը վարչապետը համարել է արագ փոփոխությունները։ Նրա խոսքով, այսօր մեր կյանքի ընթացքում այնպիսի փոփոխություններ ենք տեսնում եւ այնպիսի արագությամբ, որ մեր պապերը դա կտեսնեին 100 տարվա ընթացքում:

Ժամանակակից աշխարհի երկրորդ սկզբունքը, ըստ վարչապետի, օրեցօր փոքրացող աշխարհն է. շնորհիվ գիտատեխնիկական հեղափոխության պետությունների, ազգերի փոխհարաբերությունները, շփումներն էական առումով աճել են։

«Նույնիսկ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունն ազդում է Հայաստանի վրա, միջազգային շուկայում բարձրանում է նավթի գինը, հետեւապես նաեւ Հայաստանի համար է այն բարձրանում»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով, նախորդ դարը համարվում էր ինդուստրիալ զարգացման դար, կար արտադրողականության աճի մեծ մրցակցություն ապրանքների եւ ծառայությունների ոլորտում։ Միեւնույն ժամանակ գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր զարգացած պետություն լինել ամենեւին չի նշանակում ապրանքներ եւ ծառայություններ արտադրել։ Ըստ նրա՝ ժամանակակից պետություն լինել՝ նշանակում է արտադրել գիտելիք։ «Հետեւապես, փոխվում է ժամանակակից տնտեսության շարժիչ ուժը, եւ պետությունները մրցակցում են այլ ոլորտում՝ ստեղծել միջավայր, որտեղ կարտադրվի նոր գիտելիք»,- նշել է կառավարության ղեկավարը՝ 4-րդ եւ 5-րդ սկզբունքներ համարելով մարդ անհատի արժեւորումը, գնահատումն ու ազգային միասնությունը։ Տիգրան Սարգսյանի խոսքով, ՀՀ կառավարությունը ծրագրեր մշակելիս հենց այս սկզբունքներն է հաշվի առնում։

Աշակերտների հարցերին պատասխանելուց հետո վարչապետը նրանց ուղեկցել է ՀՀ կառավարության խորհրդակցությունների եւ ընդունելությունների մեծ սրահ՝ ցույց տալու Մինասի որմնանկարները, որոնք վերջերս են վերականգնվել եւ տեղափոխվել կառավարություն։