Կառավարությունն այսօր` մայիսի 26-ին իր պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացրեց «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հ/կ-ին` միջազգային դասական երաժշտական փառատոն անցկացնելու համար:

Փառատոնը կրում է «21-րդ դարի հեռանկարներ» անունը եւ անցկացվում է 12-րդ անգամ: Մշակույթի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն` երաժշտական փառատոնի գործունեությունը մեծապես նպաստում է երկրում բարձր չափանիշների եւ արվեստի միջավայրի ստեղծմանը, ինչպես նաեւ` Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Փառատոնի հյուրերը մեծանուն երաժիշտներ են, որոնց այցը նպաստում է հայ երաժիշտների եւ հայկական  երաժշտության միջազգային ճանաչման խթանմանը:

Բացի այդ` հայ հանդիսատեսը ստանում է լեգենդար երաժիշտների հետ կենդանի շփման հնարավորություն, հայ ուսանողները կարողանում են օգտվել մեծ վարպետների խորհուրդներից, իսկ լայն  հանդիսատեսի համար ստեղծվում է եվրոպական եւ համաշխարհային երաժշտական մշակույթը ճանաչելու եզակի հնարավորություն: