«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ՀՀ ստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին:
Հաղորդման մեջ, մասնավորապես, ասվում է.
«23.05.2011 թվականին ՀՀ Աժ-ի կողմից ընդունվել է եւ 25.05.2011 թվականից ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 37-րդ հոդվածի համապատասխան` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել: Տիգրան Փոստանջյանին, ով արդեն 16-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, մեղադրանք է առաջադրվել հենց այդ ուժը կորցրած` 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հետեւաբար` Տիգրան Փոստանջյանն արդեն երկրորդ օրն է, ինչ ակնհայտորեն գտնվում է ապօրինի անազատության մեջ մի մեղադրանքով, որը ՀՀ քրեական օրենսգրքով առհասարակ նախատեսված չէ:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, ում վարույթում է գտնվում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, պարտավոր էր անհապաղ դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ որոշում կայացնել Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին:
Այսօր առավոտյան, ժամը 9.00-ին, Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին` պահանջելով դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ որոշում կայացնել անհապաղ ազատ արձակել նրան: Սակայն այդ միջնորդությանը ծանոթանալով` մինչ այս պահը` ժամը 15.30-ը, որոշում չի կայացվել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու վերաբերյալ:
Չդադարեցնելով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ որոշում չկայացնելով Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարք` «Ազատությունից ապօրինի զրկելը»:
Այս ամենի դեմ Տիգրան Փոստանջյանը մայիսի 11-ից իր սկսած հացադուլի պահանջներին ավելացրել է նաեւ իրեն վերը նշված օրենքի կոպիտ խախտմամբ անազատության մեջ պահելու դեմ պահանջը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու համար եւ սկսել քրեական հետապնդում Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարքի` անձին ազատությունից ապօրինի զրկելու համար»:



























