Արդեն 2-րդ տարին է, որ Գյումրիի բուհերում ուսանողների թվի պակաս կա, որոշ բաժիններ փակվել են, պրոֆեսորադասախոսական կազմը աշխատում է թերբեռնված: Այս ուսումնական տարում նույն է սպասվում, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի դպրոցներում շրջանավարտներ, այսինքն պոտենցիալ ուսանողներ չեն լինելու: Դա նշանակում է, որ ուսումնական հաստատությունները նոր խնդիրներ կունենան:
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում առաջիկա դժվարություններին դիմակայելու համար դիմել են կրթության եւ գիտության նախարարությանը: Այս ուսումնական տարում բուհում 4 նոր մասնագիտությունների գծով բաժիններ են բացվելու, որոնք լինելու են ոչ մանկավարժական: Ըստ մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի` այսկերպ բուհը կպայքարի ուսանողի ճգնաժամի դեմ:
«Բուհերի բյուջեն 80 տոկոսով ձեւավորվում է վարձավճարով սովորող ուսանողների հաշվին, իսկ դա նշանակում է, որ այս ուսումնական տարում ֆինանսական լուրջ խնդիրներ կառաջանան: Նոր կադրային կրճատումներ են սպասվում, բացի պրոֆեսորադասախոսական կազմից, աշխատանքը կկորցնեն նաեւ տնտեսական բաժնում աշխատողները»,-ասել է Վարդեւան Գրիգորյան:
Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում նախորդ տարվա 227 դիմումի փոխարեն, այս տարի բուհ ընդունվելու համար դիմում է ներկայացրել ընդամենը 4 հոգի: «Որպեսզի ուսանող չկորցնենք Դիմորդների ընտրության հարցում ավելի մեղմ կլինենք այս տարի»,-հավաստել է բուհի ռեկտոր Սամսոն Դավոյանը:
Առավել լուրջ է վիճակը Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Այս տարի աշխատակազմի կրճատում եւ, որոշ բաժինների փակում է սպառնում բուհին: Նախորդ տարի 145 դիմորդի հայտ են ընդունել, որոնցից 90-ը ընդունվել են: Այս տարի սակայն ոչ մի փաստաթուղթ հանձնաժողովը դեռ չի ընդունել:
Հիշենցնենք, որ այս առիթով, օրերս Գյումրի այցելության ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ է անելու ԿԳՆ-ն, որպեսզի բուհերին օժանդակի, նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, թե բուհերն արդեն 2 տարի առաջ գիտեին այս մասին եւ պետք է պատրաստ լինեին, թե ինչպես հաղթահարել ուսանողի ճգնաժամը:




























