Ինտերնետ մատակարարող ընկերությունները Հայաստանում հավասար դաշտում չեն աշխատում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով` մեզ մոտ ինտերնետ մատակարարող ընկերությունները չափից ավելի շատ են, մյուս երկրներում ինտերնետ-մատակարարներն ավելի փոքրաթիվ են:
Բացի այդ` խնդիրներ են առաջանում մեծերի եւ փոքրերի միջեւ։ «Հայաստանում կան մոտ 30 ինտերնետ-պրովայդերներ, պարզապես պետք է ճիշտ բացվեն, ճիշտ փակվեն կամ ճիշտ միանան, ոչ թե մեծերը կուլ տան փոքրերին։ Կարեւորը` թե ինչպե՞ս է դա արվում՝ խաղաղ ճանապարհո՞վ, թե՞ ոչ խաղաղ»,-ասաց Ա. Ալեքսանյանը։
«Արմինկոյի» (ընկերությունը նույնպես ինտերնետ-մատակարար է) ղեկավարը նշեց, որ բոլոր պրովայդերները պետք է խաղի նույն կանոններով գործեն, թեեւ դրան հասնելը բավական դժվար է:
Ալեքսանյանն ասաց նաեւ, որ Հայաստանում ինտերնետի որակը լավացել է, սակայն դրան զուգահեռ թանկանում են ենթակառուցվածքները։




























