Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ-ի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի «Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի» կողմից հայ եւ թուրք լրագրողների համար կազմակերպված ավտոբուսային շրջագայության մասնակից, թուրքական Star պարբերականի թղթակից Մեհմեդ Ալի Իզմիրն իր « 96 տարի անց. Մուսա լեռից մինչեւ Հայաստան» հրապարակման 2-րդ մասի մեջ անդրադարձել է Հայաստանում ստացած տպավորություններին` առանձին տեղ հատկացնելով Երեւանին:
«Երեւանի ճանապարհին ենք:Երբ անցնում էինք Սեւանա լճի մոտով, մեր էքսկուրսավար Միքայելը նշեց, որ մոտենում ենք Երեւանին: 2700-ամյա Երեւանը մի հարթ դաշտավայրում է կառուցվել: Հայաստանում ամենաշատը զարմացանք, երբ Երեւանը տեսանք: Ծայրաստիճան մաքուր, կոկիկ եւ զարգացած: Երեւանն իր լայն պողոտաներով, ճարտարապետական հրաշք շենքերով, ամեն մի հրապարակ եւ գագաթ զարդարված քանդակներով ու աշխույժ կյանքով բոլորովին տարբերվում էր երկրի մյուս բնակավայրերից, կարծես լրիվ ուրիշ աշխարհ լիներ: Սակայն Երեւանի բախտը նույնն է, ինչ երկրի մյուս շրջաններում: Կրկին գործազրկությունն է գլխավոր խնդիրը: խորհրդային ժամանակաշրջանից մնացած քիմիական հսկա գործարանները քաղաքի չորս կողմում գերեզմանների պես կանգնած են: Ժամանակին այդ գործարաններում տասնյակ հազարավոր աշխատողներ Խորհրդային միության համար արտադրանք են տվել:
Հայաստանում համարյա բոլոր մեծ բիզնեսները ռուսների հսկողության տակ են. Երկաթգիծը, ծանր արդյունաբերությունը, էլեկտաէներգիա արտադրող ընկերություններն ու հեռահաղորդակցությունը ներառյալ: Ամեն հայ երեք այբուբեն եւ երեք լեզու գիտի. հայերեն, ռուսերեն եւ անգլերեն»,-նշել է Մեհմեդ Ալի Իզմիրը:
Star-ի թղթակիցը գրելով Գյումրիի մասին, նշել է, որ այնտեղ իրենք չեն զգացել օտարություն: «Կարծես` Կարսում լինեինք: Այնտեղ իմացանք, որ բնակչության 80 տոկոսի պապերն ու տատերը 1915-ին ստիպված են եղել հեռանալ Կարսից, Արդահանից եւ Իգդիրից` տեղավորվելով Գյումրիում»,-նշել է Ալի Իզմիրը:
Իսկ Գորիսում եղած ժամանակ Star-ի թղթակցին հաջողվել է զրուցել հյուրանոցի հարեւանությամբ ֆուտբոլ խաղացող երեխաների հետ: «Իմանալով, որ Թուրքիայից ենք, նրանց առաջին հարցը եղավ Մեսութ Օզիլի հետ կապված: Նրանց հետ խորասուզվում ենք Ֆեներբահչե-Գալաթասարայ ակումբների վերաբերյալ քննարկումներին: Երեխաները այդ ակումբների ֆուտբոլիստների անունները համարյա անգիր գիտեին: «Գուցե` մի օր մենք էլ նրանց հետ ֆուտբոլ կխաղանք»,-ասացին երեխաները` ողջյուններ հղելով Թուրքիայի երեխաներին»,-ընդծել է Մեհմեդ Ալի Իզմիրը:




























