Թերթն անդրադառնում է հրեական Քնեսեթի նախկին աշխատակից Սուզան Հաթիս Ռոլեֆի` «Jerusalem Post»-ում տպագրված «Հայերը, հրեաներն ու Իսրայելը» հոդվածին:
«Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մի կողմ թողնելու համար բերվող հիմնական պատճառաբանություններից յուրաքանչյուրը ուղղակի ամոթալի է: Այսպիսի գնահատականով է այդ պատճառաբանությունները ներկայացնում ու դրանց անհիմն լինելը հիմնավորում հեղինակը:
Հեղինակի ներկայացմամբ, մինչեւ վերջերս Իսրայելը նախընտրում էր խուսանավել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության հարցից: Եվ դրա համար, ըստ հոդվածի, ներկայացվող պատճառաբանություններն ամոթալի են: Այդպիսի պատճառաբանություններից էր, նախ, այն հանգամանքը, որ Իսրայելը երկար ժամանակ եղել է Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի դաշնակիցը, ուստի Իսրայելի համար ավելի լավ է «չարթնացնել քնած շանը»: Ընդ որում, Իսրայելի պարագայում սեփական դիրքորոշման արդարացում է դիտվում տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մոտեցումը, ինչպիսին, օրինակ, ցուցադրում է Միացյալ Նահանգները:
Սուզան Հաթիս Ռոլեֆի գնահատմամբ, եւս մեկ պատճառաբանություն էլ այն հիմնական խնդիրն էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ կարող է փոքրացվել Հոլոքոսթի ահավորությունը` «Իսրայելի մի դիրքորոշում, որ վերաբերում է նաեւ ցեղասպանության այլ դեպքերին», ինչը, հեղինակի գնահատականով, ոչ թե անարդար է, այլ ամոթալի ու անպատվաբեր: «Հրեական Հոլոքոսթն իր հետեւանքներով եւ դրսեւորումներով անկասկած եզակի է, սակայն դա չի արդարացնում հրեաների կողմից այլ ժողովուրդների սարսափները փոքրացնելը կամ արհամարհելը»:
Եվս մեկ պատճառաբանություն Հայոց ցեղասպանությունը չճանաչելու առումով հոդվածում նշվում է այն հանգամանքը, որ Իսրայելը չի ցանկանում քննադատել այլ երկրներին, որպեսզի չքննադատվի իր մոտեցումը Պաղեստինին: «Այս պատճառաբանությունը պարզապես հիմարություն է», գրում է Քսենեթի նախկին աշխատակիցը, ավելացնելով. «... Ամոթ է, որ միայն հիմա, երբ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ վատացել են աննախադեպ ձեւով Թուրքիայի անսանձ հարձակումների հետեւանքով, Իսրայելը վերջապես որոշել է իր հանրային խոսքն ասել Հայոց ցեղասպանության առնչությամբ»:
Ամեն դեպքում, հոդվածագիրը շեշտում է, որ այս օրերին կրկին Հայոց ցեղասպանության հարցը քննարկման առարկա է դարձել Իսրայելում, ընդ որում, բոլոր արտահայտվողները կողմ են այդ ողբերգությունը ցեղասպանություն ճանաչելուն: «Այն, ինչ կարելի է այս դեպքում ասել. «Լավ է ուշ, քան երբեք», բայց ինչ ամոթ է, որ դա այսքան երկար տեւեց», եզրակացնում է Սուզան Հաթիս Ռոլեֆը»,- գրում է «Ազգը»:




























