Համաներումը կարող է կիրառվել հենց այսօրվանից: Այս մասին այսօր` մայիսի 27-ին ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա խոսքով, քրեակատարողական հիմնարկներում ղեկավարները կամ աշխատողները ազատազրկվածների վրա դրված տույժերը հանելու համար գումար են պահանջում, ինչը կանխելու համար միջոցներ են ձեռնարկվել:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը համաներումը համարում է իր հաղթանակը, ապա Հանրապետական կուսակցությունը կարծում է, որ սա հաղթանակի հարց չէ, այլ երկրի առջեւ կանգնած որոշ խնդիրների լուծմանը նպաստող քայլ, հատկապես` ՔԿՀ-ները թեթեւացնելու միտում ունի:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն  ասաց, որ համաներումը միշտ ողջունելի փաստ է. «Համաներումը արվում է հիմա, որովհետեւ իշխանությունները քաղաքական իրավիճակը պարպելու խնդիր ունեն»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին` համաներում հայտարարելու առաջարկով, որն արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից:Ըստ համաներման, լրիվ կազատվի 396 դատապարտյալ, 379-ի նկատմամբ պատժի կիրառումը մասամբ կնվազի, նախնական կալանքի տակ գտնվողներից 153 մարդ կազատվի, 195-ի նկատմամբ մասամբ կկիրառվի: Ըստ այդմ, ազատ կարձակվեն 2008-ի մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալները, այդ թվում, Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Համաներումը 9-րդն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում: