Արտաքին ուժերի պահանջով ազատ արձակելով քաղբանտարկյալներին, իշխանությունը 2012-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին գցում է իր ուսերին եղած բեռը։ Մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Համաներումն, իհարկե, մարդասիրական քայլ է, սակայն մենք կարծում ենք, որ այդ մարդիկ ավելի շուտ պետք է ազատ արձակվեին կամ առհասարակ չպետք է ձերբակալվեին։ Մյուս կողմից, անհանգստացնող է, որ արժանիների հետ ազատ կարձակվեն նաեւ հասարակության համար վտանգ ներկայացնող մարդիկ»,- նկատեց պատգամավորը։
Անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսության թեմային՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքն անձամբ ողջունում եւ դրական է վերաբերում դրան, քանի որ երկխոսությունը քաղաքական դաշտում հստակություն կմտցնի։ «Սակայն երկխոսության այս ձեւաչափը չի գոհացնում հասարակությանը, ավելին հիասթափեցնում է մարդկանց։ Դրա ուղիղ վկայությունը ՀԱԿ-ի հանրահավաքներին մարդկանց թվաքանակի նվազում է։ Մարտի 17-ի եւ ապրիլի 28-ի հանրահավաքերի ժամանակ ՀԱԿ-ի համակիրների թիվը կրկնակի պակաս էր։ Իսկ ընդհանրապես, ներկայումս ականատես ենք իշխանություն-ՀԱԿ փոխադարձ զիջումների եւ սիրաշահման փուլին»,- ամփոփեց Մարտիրոսյանը։
Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 26-ին ընդունել էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի` համաներում հայտարարելու առաջարկը:
Խորհրդարանում Համաներման մասին որոշումն ընդունվել էր 91 «կողմ», 1 «ձեռնպահ» եւ 0 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:




























