Ես այն սուբյեկտը չեմ, որ կկարողանամ մանրամասները մեկնաբանել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու հարց չի եղել, այն առաջացել է պատերազմի ընթացքում, նաեւ հոկտեմբերի 19-20-ին ինքը առաջարկ է արել, որից Փաշինյանը հրաժարվել է:

«Դրա վերաբերյալ պարզաբանում կլինի առաջիկայում, բայց ոչ իմ կողմից: Ես այդ մանրամասներին չեմ տիրապետում: Վլադիմիր Պուտինը բազմաթիվ այլ բաներ էլ է ասել, որոնք ցանկության դեպքում հերքում են նաեւ ձեր հարցի կոնտեքստում եղած հանգամանքները»:

Ինչ վերաբերում է վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզին, Սիմիդյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ճանապարհային քարտեզը բավականին խոսուն էր բոլոր առումներով»:

Հարցին, թե ինքը կո՞ղմ է, որ երկիրը ղեկավարի մեկը, որին մեղադրում են պետական դավաճանության մեջ, նա պատասխանեց. «Ժամանակը բոլոր հարցերի պտասխանը կտա՝ քննիչ  հանձնաժողովի շրջանակում, այլ զարգացումների, իրադարձությունների արդյունքում:

Հայտարարությունը, որը եղել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, այլընտրանք չունեցող իրադարձություն է եղել, եւ դա ես չեմ ասում, այլ կոմպետենտ մարդիկ»:

Հարցին, թե համաձա՞յն է ընդդիմության առաջարկի հետ՝ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու, որպեսզի դետալ առ դետալ քննվի պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո եղած իրադարձությունները, Սիմիդյանն ասաց. «Ես այդ առաջարկի մասին առաջին անգամ եմ լսում, բայց այս պատերազմի հետ կապված հանգամանքները պարզաբանելու կարիքը կա»:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը բիրտ միջոցներով ճնշում ընդդիմության հանրահավաքները, Սիմիդյանն ասաց. «Ռազմական դրության ժամանակ որոշակի զարգացումներ կան, որոնք անթույլատրելի են: Կողմ եմ բոլոր այն քայլերին, որոնք կնպաստեն, որ երկրում քորեւէ անկայունություն չլինի, եւ կայուն իրավիճակում բոլորս միասին կքննենք, կհասկանանք, թե ոնց ենք պետությունն առաջ տանում»: