Դժբախտաբար ես մասնակցում էի մայիսի 8-ի դատական նիստին հայտնի՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ. տեսանյութում կտեսնեք ինչպես է ներկայումս Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հայտարարում, որ «Որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Պարոն Գևորգ Բաղդասարյանը դա հայտարարում էր նայելով 2․5 տարի քրեական հետապնդման մեջ գտնվող Շուշիի ազատագրման և Արցախյան ՀԱՂԹԱԿԱՆ պատերազմի ԱՆՄԻՋԱԿԱՆ մասնակիցներ՝ Գեներալ Գնդապետ Սեյրան Օհանյանի, Գեներալ Գնդապետ Յուրի Խաչատուրովի և Նախագահ Քոչարյանի աչքերի մեջ։ Այս հայտարարությունը կարծում եմ բոլորը պատկերացնում են՝ ինչ հաճելի էր թշնամու համար։

Երկու հարց Դատախազությանը և հատկապես այս հայտարարության հեղինակ պարոն Բաղդասարյանին․

1) Ի հակադրումն Շուշիի ազատագրման՝ Շուշիի կորսման համար իրավական հետևանքներ կա՞ն, այդ թվում հաշվի առնելով ՌԴ Նախագահ Պուտինի երեկվա հայտարարությունը։

2) Նոյեմբերի 10-ից Դատախազությունը որպես քրեական հետապնդման մարմին՝ բացառությամբ պետական գույքի վնասման դեպքերի, ի՞նչ գործողություններ է ձեռնարկել աղմկահարույց դեպքերով (օրինակ՝ երեկվա ՊՆ գնդապետի զեկուցագիրը)»: