ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ցանկանում էր հուղարկավորվել Վազգեն Սարգսյանի կողքին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Մանվել Գրիգորյանը իր ընտանիքի անդամների հետապնդումները, պատերազմը, ամեն ինչը կարողանում էր տանել։ Իր կողմից մեծ ավանդ ունեցած, ձեռք բերված հողերի կորուստը վերջին մեխն էր։ Մարդը տարավ համավարակ, որից հետո լիովին ապաքինվել էր։ Համավարակը ձեռք էր բերել Շուշիում»,- ասաց Արսեն Մկրտչյանը։
Փաստաբան նշեց, որ դատարանում դեռեւս կար չքննված միջնորդություն՝ Մանվել Գրիգորյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար. «Վերջին միջնորդությունն էր, որը մնաց անպատասխան։ Գուցե եթե ժամանակին ականջալուր լինեին մեր միջնորդություննրին գուցե այս վախճանը չունենայինք։ Սա կանխատեսելի էր, նպատակը հենց սա էր»։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին հենց այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Ամիսներ առաջ նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30 կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:
Մանվել Գրիգորյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր: Նա մասնակցել էր ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանական մարտերին, Մարտակերտի շրջանում ծավալված մարտական գործողություններին, ղեկավարել էր Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը:
Մանվել Գրիգորյանը 1999 թվականից մինչեւ 2018 թվականը եղել էր Երկրապահ կամավորական միության նախագահ: 1992-1996-ին՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 2012-2018-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:




























