Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրական ճառերը տատանվում են Արեւմուտքի դեմ պնդումներից մինչեւ ատելության, սպառնալիքների եւ վիրավորանքների բացահայտ արտահայտություններ, Ahval-ում գրում է «Էրդողանը «նորմալացնում է» ատելության խոսքը եւ ռասիզմը» հոդվածի հեղինակ Հերկուլես Միլասը:
«Նա նույնպիսի խառնվածք է ցուցաբերում իր ներքին հակառակորդների նկատմամբ, բայց այստեղ խոսքը միայն նրա միջազգային ելույթների մասին է: Դրա ագրեսիվությունը կարելի է բաժանել հինգ տարբեր ոլորտների՝ պատմություն, մշակույթ, կրոն, քաղաքականություն եւ էթիկա: Բոլոր այս դեպքերի հիմնական թեման «մեր՝ դրականների» համեմատությունն է «բացասական Արեւմուտքի» հետ»,- գրում է հոդվածի հեղինակը:
Ինչպես նշում է թերթը, Էրդողանի հիմնական պատմական թեման այն է, որ թուրքերը հզոր եւ ենթադրաբար բարենպաստ Օսմանյան կայսրության ժառանգներն են, իսկ մնացածները պատկերվում են որպես «գաղութարարներ, իմպերիալիստներ, շահագործողներ, դաժան ստրկավաճառներ, զավթիչներ» եւ այլն: Անցյալի նրա մեկնաբանության համաձայն, թուրքերը հարգել եւ պաշտպանել են ոչ մահմեդականներին եւ երբեք չեն շահագործել որեւէ ազգի կամ համայնքի՝ ի տարբերություն նրան, ինչ արել են արեւմտյան ժողովուրդները:
«Էրդողանի կարծիքով՝ մշակութային առումով, Արեւմուտքը «ճնշող, ռասիստական, անկարեկից է եղել կարիքավորների նկատմամբ, կոպիտ, մանիպուլյատիվ, ագրեսիվ եւ էքսպանսիոնիստական»: Ընդհակառակը, թուրքերը երբեք չեն ցուցաբերել նման թերություններ, այլ միայն՝ հարուստ եւ մարդասիրական մշակույթ: Նա նշում է, որ այսօր Թուրքիան, օրինակ, օգնում է Աֆրիկայի աղքատներին»,- գրում է Միլասը:
Երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, դավադրության տեսությունները գերակշռում են: Էրդողանը եւ նրա հետեւորդները պնդում են, որ Արեւմուտքը եւ հատկապես Միացյալ Նահանգները փորձում են ռազմական հեղաշրջումներ իրականացնել՝ կառավարությանը հեռացնելու համար: Նա պնդում է, որ Արեւմուտքը նաեւ օգնում է «ահաբեկչական» խմբավորումներին՝ նկատի ունենալով քրդերին եւ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդներին, եւ հիմնականում օգնում է Թուրքիայի «թշնամիներին», ովքեր փորձում են երկիրը պառակտել: Էրդողանն ասել է, որ այդ ուժերը հաճախ խաթարում են Թուրքիայի տնտեսությունը:
«Էրդողանի մեղադրանքները խառնած եւ փաթեթավորած են էթիկական փաթեթի մեջ: Դրանք կապված են բարու եւ չարի պայքարի հետ: Մեղադրանքները, վիրավորանքներն ու հայհոյանքները կարող են հայտնվել մեկ պարբերության մեջ` խառնված ժամանակակից քաղաքականության, եւ հնարավոր է` 13-րդ դարի ինկվիզիցիայի հետ, տնտեսությունը կրոնի հետ, ՆԱՏՕ-ի խնդիրները Պրեւեզայի ռազմածովային ճակատամարտում տարած հաղթանակի հետ (16-րդ դար):
Թուրքիայի «թշնամիների» (քրիստոնեական Արեւմուտք, ԵՄ եւ ԱՄՆ) դեմ օգտագործվող սահմանումները ներառում են հետեւյալը՝ «մարդասպաններ, ռասիստներ, նացիստներ, եսասերներ, շահագործողներ, երեսպաշտներ»։ Նա նրանց մեղադրում է հետեւյալ բնույթի գործողությունների մեջ. «Դուք ցեղասպանություն եք կատարում, վատ եք վերաբերվում մահմեդականներին, վիրավորում եք մեր մարգարեին, ինտրիգներ եք անում մեր հայրենիքի դեմ, օգնում եք մեր թշնամիներին, շանտաժ եք անում, խառնվում եք մեր առօրյա գործերին, հայհոյում եք մեզ, խտրականություն եք դնում՝ երկակի ստանդարտների կիրառմամբ»,- նշում է հոդվածի հեղինակը:
«Հարց է առաջանում՝ ինչու՞ է Էրդողանը ընտրում ինքնարտահայտման այս տհաճ եղանակը: Մի՞թե նա չի զգում, որ այս մոտեցումն իր շահերին հակառակ է աշխատում:
Տարբեր պատասխաններ են գալիս միտքս: Միգուցե Էրդողանը հավատում է, որ այսպիսով խրախուսում է իր հետեւորդներին եւ ամրապնդում է իր քաղաքական դիրքերը երկրում, կամ էլ այդպիսով նա տպավորություն կթողնի մահմեդական աշխարհի վրա եւ նոր հետեւորդներ ձեռք կբերի ամբողջ աշխարհում: Թերեւս նա արտահայտում է այն, ինչին անկեղծորեն հավատում է, զգում է, որ ասում է «ճշմարտությունը»: Գուցե նա ճանապարհ է բացում Արեւմտյան աշխարհից բաժանվելու համար, կամ գուցե խառնաշփոթի մեջ նա կորցրել է վերահսկողությունը իր շրջապատի վրա: Կարելի է մտածել նաեւ վերը նշվածի տարբեր համադրությունների մասին: Ամեն դեպքում Էրդողանը ուժեղացնում է ռասիստական զգացմունքներն ու նրանց երեւակայությունը, ովքեր իրենց արդարացված են զգում «պատժելով» Արեւմուտքին»,- նշում է հոդվածի հեղինակը:





























