Ֆրանսիայի ԱԳՆ-ն Պակիստանի իշխանություններից պահանջել է ջնջել երկրի նախարարներից մեկի կողմից Twitter-ում արված մեկնաբանությունը: Վերջինս գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների նկատմամբ նացիստների վերաբերմունքին, հաղորդում է  Reuters-ը:

Նշվում է, որ տվյալ մեկնաբանությունն արել է Պակիստանի մարդու իրավունքների հարցերով նախարար Շիրին Մազարին, ով այդպիսով իր վրդովմունքն է հայտնել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հետ կապված:

«Մակրոնը մուսուլմանների հետ անում է այն, ինչ նացիստները հրեաների հետ: Մուսուլման երեխաները կստանան նույնականացնող համարներ, ինչպես հրեաներին ստիպում էին հագուստի վրա որպես տարբերանշան դեղին աստղ կրել »,-գրել է Մազարին:

Հաջորդ օրը նա էլ ավելի է ուժգնացրել իր հռետորաբանությունը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է պակիստանցի նախարարի հայտարարությունը:

«Այդ ատելության խոսքերը կեղծիք են՝ տոգորված ատելության եւ բռնության գաղափարախոսությամբ»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլը ՝ հավելելով, որ Պակիստանը պետք է շտկի այդ իրավիճակն ու վերադառնա երկխոսության՝ հիմնված հարգանքի վրա: