Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի արտաքին պետական պարտքը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտին կազմել է 3 միլիարդ 382 միլիոն 600 հազար դոլար եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 402 միլիոն 200 հազար դոլարով կամ 13,5 տոկոսով:

Հայաստանի Կառավարության արտաքին պարտքը կազմել է 2 միլիարդ 802 միլիոն 400 հազար դոլար, ինչն արտաքին պետական պարտքի 82,8 տոկոսն է: Կառավարության պարտքն ավելացել է 341 միլիոն 900 հազար դոլարով կամ 13,9 տոկոսով:

Կենտրոնական բանկի արտաքին պարտքը հասել է 580 միլիոն 200 հազար դոլարի, ինչը Հայաստանի արտաքին պարտքի 17,2 տոկոսն է: 12 ամսում Կենտրոնական բանկի արտաքին պարտքն ավելացել է 60 միլիոն 300 հազար դոլարով կամ 11,6 տոկոսով:

Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում գերակայում են բազմակողմանի վարկային ծրագրերը, որոնց բաժինը 68,9 տոկոս է: Հայաստանի խոշորագույն վարկատուն նախկինի նման Համաշխարհային բանկն է, որի բաժինը արտաքին պետական պարտքի մեջ հասել է 38,6 տոկոսի: Երկրորդ տեղում Արժույթի միջազգային հիմնադրամն է` 22,5 տոկոս:

Երկկողմանի վարկային ծրագրերի բաժինը 31,1 տոկոս է: Առաջատարը Ռուսաստանն է` 14,8 տոկոս, երկրորդ տեղում Ճապոնիան է` 11,0 տոկոս:

Հայտնի է, որ Համաշխարհային բանկի առաքելություններից մեկն աղքատության դեմ պայքարն է: Հայաստանում եւս կազմակերպությունից ստացված վարկերի մի մասն ուղղվում է այդ սոցիալական չարիքի վերացմանը: Աղքատության հաղթահարման չափանիշ պետք է ծառայեր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը մեր վիճակագիրների պնդմամբ մշակվել է Համաշխարհային բանկի մեթոդոլոգիայով:

Այդպես լույս աշխարհ եկավ «զամբյուղ», որն ապահովում է օրական ընդամենը 2230 կիլոկալորիա: Փորձագետների կարծիքով, այդ ցուցանիշը սահմանակից է սովին: Օրական կիլոկալորիաների մեկ երրորդն էլ ապահովում են համեմատաբար էժան հացն ու հացամթերքը, ինչը սննդի վատ որակի վկայություն է: Սակայն այդ  «զամբյուղի» շնորհիվ աղքատությունը մեր երկրում «հաղթահարվում» է զարմանալիորեն արագ:

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունն արտաքին առեւտրում սահմանափակումերի վերացումն է եւ ազգային արժույթի արհեստական արժեզրկման (խրախուսում է արտահանումը) դեմ պայքարն է:

Արտաքին առեւտրի ազատական քաղաքականության մասին է վկայում մաքսատուրքերի ցածր մակարդակը Հայաստանի ընդհանուր հարկային եկամուտներում: Ցանկալի է ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել շքեղության, պերճանքի ապրանքների վրա: Սակայն ԱՄՀ-ն եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը հավանություն չեն տա այդ ոտնձգությանը լիբերալ արտաքին առեւտրի հիմքերի վրա:

Սակայն միջազգային ֆինանսական կառույցների նկատմամբ դրական վերաբերմունքի ժամանակներն անցյալում են: Անցած ամիս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է հրաժարվել արտաքին վարկերի գծով տեխնիկական աջակցությունից: Վարչապետի կարծիքով մեր նախարարություններն ի վիճակի են ինքնուրույն վերլուծություն կատարել բոլոր ոլորտներում, ուսումնասիրել միջազգային փորձը, գնահատել Հայաստանում առկա իրավիճակը եւ ինքնուրույն փորձագիտական եզրակացություն տալ:

Վարկ տրամադրելով Հայաստանին` միջազգային ֆինանսական կառույցները, որպես կանոն, պարտադրում են ծրագրերի տեխնիկական առաջադրանքների մշակումը տրամադրել օտարերկրացի մասնագետներին: Իսկ նրանք ծանոթ չեն Հայաստանի տնտեսության նրբություններին, առաջնորդվում են միայն տեսական հաշվարկներով եւ տրամադրում են իրականությունից հեռու տեխնիկական առաջադրանքներ: Այժմ այդ գործը պետք է անեն Հայաստանի մասնագետները: