Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդի հարձակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել

Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:

Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»:

Ավելի վաղ թելեգրամի Mediaport ալիքը հայտնել էր, որ Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար:

Ըստ աղբյուրի՝ այսօր՝ ժամը 19:30-ի շրջանում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի, Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա [օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է]: Կապանում հայտարարվել է № 1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:

Թշնամին 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար:

Mediaport-ը նաև նշում է, որ 1 ժամ է՝ փորձում է պարզաբանում ստանալ ՊՆ-ից: