Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Իի հետ հեռախոսային զրույցում հայտարարել է, որ չինական պատվաստանյութն արդյունավետ է ու անվտանգ, եւ Թուրքիան այն կգնի, նշված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը չինական պատվաստանյութը համարում է անվտանգ ու արդյունավետ, արդեն հայտարարել է, որ կիրականացնի Չինաստանից շտապ գնումներ, պատրաստ է այս հարցում Չինաստանի հետ համագործակցության խորացմանը»,- նշված է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշված է, որ թուրք նախարարը նաեւ Չինաստանին շնորհավորել է համաճարակի հաջող զսպման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Պեկինի հաջողությունները պատվաստանյութի մշակման գործում:

Չինաստանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ Չինաստանն ու Թուրքիան համաճարակի դեմ պայքարում են «ձեռք ձեռքի տված», ինչպես նաեւ չափազանց արդյունավետ համագործակցություն են ծավալել COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի անցկացման համար:

«Ներկայումս ամբողջ աշխարհում տարածվում է համաճարակի երկրորդ ալիքը, չինական կողմը պատրաստ է հաստատուն կերպով կանգնել թուրք ժողովրդի կողքին մինչեւ համաճարակի դեմ պայքարի հաղթական ավարտը»,- հայտարարել է Վան Ին: Նա շեշտել է, որ չինական պատվաստանյութը գնելու Թուրքիայի որոշումը չինական կողմի հանդեպ վստահության դրսեւորում է:

«Չինական կողմը պատրաստ է օրենքի շրջանակում տրամադրել անհրաժեշտ օժանդակություն: Կողմերը պետք է հանդիսավոր կերպով նշեն երկկողմ հարաբերությունների հաստատման 50-ամյա հոբելյանը, խորացնեն քաղաքական փոխգործակցությունը եւ բոլոր ոլորտներում համագործակցությունը, չին-թուրքական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնեն»,- շեշտել է չինացի նախարարը:

Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել էր, որ հաջորդ տարվա ապրիլին Թուրքիան կգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ: Չինական SinoVac ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը երկիր կմատակարարվի դեկտեմբերի 11-ից հետո, իսկ ամսվա վերջին նախատեսվում է պատվաստանյութի որակի լաբորատոր փորձարկումներից հետո սկսել պատվաստումը: Դրանից բացի, Թուրքիան հայտարարել է Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի նվազագույնը 25 մլն դեղաչափ գնելու ծրագրերի մասին:

SinoVac-ն իր պատվաստանյութի մշակումը սկսել է հունվարին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Ուհանում պաշտոնապես հաստատվեց անհայտ ծագման թոքաբորբի տարածման մասին տեղեկատվությունը: Այն կլինիկական փորձարկումների երրորդ փուլը սկսել է Բրազիլիայում, Ինդոնեզիայում եւ Թուրքիայում: CoronaVac-ի պատվաստումը նախատեսում է երկու ներարկում՝ 2-4 շաբաթ ընդմիջմամբ, նախատեսված է 18 տարեկան դարձած անձանց համար: