Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտնվել է քննադատության ալիքի տակ տարեվերջյան ընթրիքներին մասնակցելու պատճառով, մինչդեռ ինքն էր երկրի բնակիչներին կոչ անում կորոնավիրուսով պայմանավորված խուսափել բազմամարդ հավաքներից, հայտնում է Reuters-ը: 

Չնայած բնակչությանն ուղղած սեփական նախազգուշացումներին, Սուգան մասնակցել է մի շարք ընթրիքների, որոնց ներկա են եղել մեծ թվով մարդիկ, եւ քննադատության է ենթարկվել քաղաքական գործիչների ու համացանցի օգտատերերի կողմից, այդ թվում նաեւ սեփական կուսակցության կոալիցիոն գործընկերների կողմից:

Ճապոնիայի վարչապետի պաշտպանությամբ է հանդես եկել երկրի էկոնոմիկայի նախարար Յասուտոսի Նիսիմուրան, որը հայտարարել է, թե երկրում չի գործում խմբակային հավաքների պարտադիր արգելք:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտարարել են, որ հավաքներին մասնակցելու ժամանակ վարչապետը անհրաժեշտ զգուշություն է պահպանել:

Հաղորդվում է, որ Սուգան, մասնավորապես, երկուշաբթի երեկոյան Տոկիոյի ռեստորաններից մեկում երեկույթի է մասնակցել, որտեղ հավաքվել էր ավելի քան 70 մարդ: