ՄՈԲ-ով զորակոչված 8 հոգի Շիրակի մարզի Սարապատ, 4-ն էլ՝ Աշոցք համայնքներից, շրջափակման մեջ են ընկել Արցախի Հին շեն բնակավայրի մոտակայքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի Մարզի Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը։
«Մեր ունեցած տեղեկություններով իրենք շրջափակված են, գերեվարված չեն։ Բերձորի տարածքը կարգավորող ղեկավարությունից մարզպետին զեկուցել են, որ ռուս խաղաղապահների ղեկավարն անձամբ զբաղվում է այդ հարցով։ Հուսանք, որ 2-3 ժամ հետո կկարգավորվի, որովհետեւ կողքի դիրքերը պահող մեր տղաների հետ կապ ունենք, նկատել են, որ ռուսական մեքենաները իջել են դեպի այն տարածքը, որտեղ մերոնք արգելափակված են»,- ասաց համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով՝ շրջափակման մեջ ընկած տղաների հետ վերջին անգամ զրուցել են երկու օր առաջ, ամեն ինչ նորմալ էր, երեկվանից կապ չեն կարողացել հաստատել նրանց հետ։
Գերեվարված լինելու մասին ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկա, դրանք ըստ Արտուշ Մանուկյանի՝ միայն ենթադրություններ են, որովհետեւ տելեգրամյան ալիքների տարածած լուսանկարներից եւ տեսանյութերից որոշ բնակիչներ ճանաչել են իրենց հարազաներին։
«Այսօր առավոտյան եղել եմ մարզպետի մոտ, նա կապվել է Ստեփանակերտ, պատասխանել են, որ այդ հարցով զբաղվում են ռուս խաղաղապահները, հնարավորինս արագ դուրս կբերվեն շրջափակումից»,- հավելեց Արտուշ Մանուկյանը։
Շիրակի մարզպետարանի մամուլի քարտուղար Արաքսյա Կիրակոսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ 60 հոգու հետ կապն ընդհատվել է, որեւէ լուր չունեն նրանցից։
«1-2 օր առաջ տեղեկատվություն կար, որ Բերձորի ենթաշրջանի Հին շենի տարածքում որոշակի լարվածություն կա, այսինքն՝ որոշակի աշխատանքներ են կատարվում, որպեսզի ճանապարհների ապաշրջափակում լինի եւ մեզ տեղեկատվություն էր հասել, որ Շիրակի մարզից զորագրված զինվորականների հետ կապն ընդհատվել է։ Շիրակի մարզպետը երկուշաբթի օրը անձամբ մեկնել է Բերձորի ենթաշրջան, հանդիպել ՊԲ ներկայուցիչների հետ, որտեղ մարզպետին ներկայացվել է, որ տվյալ հատվածում աշխատանքներ են տարվում նրանց հետ կապը վերականգնելու համար»,- ասաց նա։
Մարզպետը երեկ երեկոյան վերադարձել է Շիրակ ու հանդիպումներ ունեցել շրջափակման մեջ գտնվող տղաների հարազատների հետ, որոնք նշել են, որ համացանցում տարածված տեսանյութերից ճանաչել են իրենց տղաներին եւ նրանք գերեվարության մեջ են։





























