Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Մթերային ապրանքները եւ առաջին անհրաժեշտության իրերը փոխանցվել են փախստակններին, որոնք վերադարձել են իրենց տուն, եւ այլ կարիքավորներին:

Մարդասիրական օգնություն են ստացել մի քանի հարյուր ընտանիքներ:

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարեւորության ենթակառուցվածքների վերականգնումը:

Խաղաղապահների աջակցությամբ ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Այս նպատակով կատարվել են 18 կմ էլեկտրահաղորդման գծերի եւ 50 հենասյուների վերանորոգման աշխատանքներ: Վերսկսվել է ավելի քան 12 հազար ընդհանուր թվաքանակով բնակչություն ունեցող 24 բնակավայրերին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:

Ստեփանակերտում եւ Մարտակերտում ՌԴ պաշտպանության նախարարության բժշկական ջոկատների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը:

Հիմնականում ռուս ռազմական բժիշկներին են դիմում տեղի բնակիչները, որոնք տառապում են քրոնիկ հիվանդություններից, որոնք հակամարտության սրման ժամանակ զրկվել են բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 558 քաղաքացու, այդ թվում՝ 67 երեխայի»,-ասվում է հաղորդագրության մեջ: