ԱՄՆ դաշնային իշխանությունները մտահոգություն են հայտնում՝ կապված երկրի համակարգչային համակարգեր ներխուժման հետ, որում նրանք կասկածում են ռուս հաքերներին, հաղորդում է PA Media-ն:

ԱՄՆ կիբերանվտանգության հարցերի գործակալությունը նախազգուշացրել է հարձակման պատճառով կառավարական եւ մասնավոր ցանցերի համար լուրջ ռիսկի մասին:

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը խոստովանել է, որ դարձել է հաքերային հարձակման զոհերից մեկը:

Փորձագետները կարծում են, որ  եթե իշխանություններին հաջողվի ապացուցել այդ հարձակմանը Ռուսաստանի ներգրավվածությունը, ապա դա նոր խնդիր կստեղծի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար պաշտոնում իր գտնվելու վերջին օրերին:

Թրամփը, ում վարչակազմին քննադատել են Սպիտակ տան կիբերանվտանգության հարցերով խորհրդականին հեռացնելու եւ 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը նվազեցնելու համար, որեւէ հայտարարություն չի արել խախտման մասին:

Իր հերթին, ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը վճռականորեն արտահայտվել է հարձակման առնչությամբ՝ հայտարարելով, որ ինքը եւ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը այդ խախտման դեմ պայքարը կդարձնեն իրենց առաջնահերթություններից մեկը պաշտոնները ստանձնելուց հետո:

«Մենք պետք է կանխենք կիբերհարձակումները: Մենք դեռ շատ բան չգիտենք, սակայն այն, ինչ մենք գիտենք, մտահոգիչ է: Հարձակման են ենթարկվել ավելի քան 40 պետական հաստատություններ, վերլուծական կենտրոններ, ոչ կառավարական կազմակերպություններ եւ  IT-ընկերություններ»,-ասել է Բայդենը: