Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Նիստի ընթացքում ՀՀ-ԵՄ կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում Կառավարության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Հայկական կողմից թեման ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։

Նախարարի տեղակալն իր ելույթում գործընկերներին ներկայացրել է դատական եւ իրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության եւ ոստիկանության ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը։

Փոխնախարար Գրիգորյանը շեշտել է, որ կառավարությունը հետեւողականորեն շարժվում է առաջ դատական համակարգի բարեվարքության, անկախության եւ արդյունավետության ապահովման իր ծրագրով, անդրադարձել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ձեւավորման ընթացքին, ինչպես նաեւ տեղեկացրել քրեական արդարադատության ժամանակակից համակարգի ներդրմանը միտված քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի հաստատման ընթացքի մասին։

Քրիստիննե Գրիգորյանը նաեւ ներկայացրել է մարդու իրավունքներրի պաշտպանության եւ ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղություններն ու ընթացքը։

ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը բարձր է գնահատել արդարադատության եւ հակակոռուպցիոն ոլորտներում կառավարության իրականացրած բարեփոխումների ընթացքը, գոհունակությամբ է նշել եղած մարտահրավերների պայմաններում ժողովրդավարական այդ բարեփոխումները շարունակելու Կառավարության հանձնառությունը։

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումներին Եվրոպական միությունն աջակցում է 30 մլն եվրոյի աջակցության փաթեթով եւ խոստումնալից կատարողականի համար անցյալ շաբաթ կատարել է աջակցության 9 մլն եվրոյի փոխանցում պետական բյուջե։

Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն կարեւորում է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների, ներառյալ՝ Հակակոռուպցիոն իրավապահ մարմնի եւ հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման ուղղությամբ Կառավարության ակտիվ ջանքերը։

Օլիվեր Վարհեին նաեւ նշել է, որ Եվրոպական միությունն աջակցում է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման կառավարության ջանքերին, եւ այդ ուղղությամբ 10 մլն եվրոյի աջակցություն է հասանելի դարձրել 2021 թվականից։ Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակին եւ ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմին, դրա ցավալի հետեւանքներին եւ նշել, որ  երկրում ստեղծվել են մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարադատության մատչելիության նոր մարտահրավերներ եւ առաջնահերթություններ։