Մեղադրանքներ են առաջադրվել չորս պակիստանցիների, որոնք ձերբակալվել են այս տարվա սեպտեմբերին Charlie Hebdo շաբաթաթերթի նախկին խմբագրության վրա հարձակման գործով: Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրներին:
Նրանց տեղեկացմամբ՝ 17-ից մինչեւ 21 տարեկան այդ տղաներն իմացել են հարձակվողի ծրագրերի մասին եւ կարող էին նրան գործողությունների դրդել: «Նրանք համաձայն են նրա գաղափարախոսությանը, իսկ նրանցից մեկը գործողությունից մի քանի օր առաջ ատելություն է արտահայտել Ֆրանսիայի նկատմամբ»,- հայտնել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Սեպտեմբերի 25-ին Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մոտ սառը զենքի կիրառմամբ հարձակում էր իրագործվել «Պրեմիեր լին» գործակալության երկու աշխատակիցների վրա, որոնք հարձակման հետեւանքով ծանր վնասվածքներ էին ստացել: Գործակալությունն այժմ զբաղեցնում է երգիծական շաբաթաթերթի նախկին գրասենյակը: Հարձակմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա պակիստանցի: Նա հարցաքննության ժամանակ խոստովանել է տեղի ունեցածի համար իր պատասխանատվությունը՝ հայտնելով, որ հարձակումը կատարել է ամսագրի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը երկրորդ անգամ հրապարակելու պատճառով: Ներքին գործերի նախարարը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել: Դատարանը հարձակվողին առաջադրել է ահաբեկչական մտահղացման շրջանակում սպանության փորձի եւ ահաբեկչական խմբի ստեղծման մեղադրանք:




























