Եվրամիությունը կոչ է արել Թուրքիայի դատական ​​համակարգին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը եւ անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային:

Ստամբուլի 36-րդ քրեական դատարանը մերժել է բարերար Օսման Քավալայի բողոքարկումը եւ երկարացրել է նրա նախնական կալանքի ժամկետը: Նրա գործի հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 5-ին:

Դատական որոշումը հակասում է Թուրքիայի կողմից հայտարարված «հանձնառությանն օրենքի գերակայությանը եւ հիմնարար իրավունքները հարգելուն, այդ թվում` անմեղության կանխավարկածը», հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին:

Անցյալ դեկտեմբերին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել անհապաղ ազատ արձակել Քավալային` պնդելով, որ խախտվել են նրա ազատության եւ անվտանգության իրավունքը, ինչպես նաեւ` կալանքի օրինականության վերաբերյալ անհապաղ որոշում կայացնելու իրավունքը:

Մասրալին Թուրքիայի իշխանություններին մեղադրել է իրավաբանորեն պարտադրող որոշումը խախտելու մեջ եւ կոչ է արել «կոնկրետ եւ կայուն առաջընթաց գրանցել հիմնարար իրավունքները հարգելու հարցում, որոնք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անկյունաքարն են»:

63-ամյա գործարարին ցմահ ազատազրկում է սպառնում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով եւ  եւս 20 տարի` լրտեսության մոջ լրացուցիչ մեղադրանքով մեղավոր ճանաչվելու դեպքում:

Քավալան փետրվարին արդարացվել էր համանման մեղադրանքներով, քանի որ նրան մեղադրել էին 2013 թվականին Գեզիում բողոքի ցույցերի ֆինանսավորման եւ կազմակերպման մեջ: Սակայն նրան անմիջապես նոր մեղադրանք էր առաջադրվել, որը պնդում էր, որ նա մասնակից է եղել 2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձին:

Քավալան` Թուրքիայի քաղաքացիական հասարակության առաջատար դեմքը, կալանքի տակ է գտնվում 2017-ի հոկտեմբերին Ստամբուլի օդանավակայանում ձերբակալումից հետո: