Չինաստանը պատասխան քայլեր է ձեռնարկել` վիզային սահմանափակումներ մտցնելով ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ: Վիզային սահմանափակման միջոցառումները ձեռնարկվել են ի պատասխան Պետդեպարտամենտի հայտարարությանը, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները մերժելու են վիզաների տրամադրման հարցում Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության այն պաշտոնյաներին, ում քաղաքականությունը կամ գործողություններն ուղղված են կրոնական խմբերի, էթնիկ փոքրամասնությունների, այլախոհների կամ այլոց ճնշմանը:

«Չինաստանը պատասխան քայլեր է ձեռնարկել ԱՄՆ պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ, ովքեր կրում են Չինաստանի ներքին գործերին վերջերս տեղի ունեցած միջամտության հիմնական պատասխանատվությունը»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

«Տիբեթի, Թայվանի եւ Հոնկոնգի հարցերը Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ Չինաստանի ներքին գործն են, եւ ոչ մի արտաքին ուժ չպետք է միջամտի»,- ասել է նա:

Ավելի վաղ` դեկտեմբերի սկզբին, ԱՄՆ-ն հայտարարել էր Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության անդամներին եւ նրանց ընտանիքների անդամներին վիզաների տրամադրումը 10 տարվա փոխարեն մեկ ամսով սահմանափակելու պլանների մասին: Պետդեպարտամենտը նաեւ հայտարարել էր, որ մերժելու է արտասահմանում ազդեցություն գործելու հետ կապված օպերացիաներին առնչություն ունեցող չին քաղաքացիներին վիզաներ տրամադրելու հարցում: