Այս երկու տարվա ընթացքում շատ եք ուզում ընդդիմությանը խանգարեք, ոչ մի բառ պակաս չթողեք, մինչեւ վերջ ասեք: Այս մասին, այսօր դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Դուք երբ հանրությանը ծանոթ էիք որպես արտիստ, բոլորը քեզ շատ էին սիրում, բայց հիմա դուք տեղյակ չեք, թե ձեր մասին ինչեր են խոսում: Ես անհարմար եմ զգում, թե ձեր հասցեին ինչեր են ասում: Ես պաշտպնում եմ ձեզ, ասում եմ՝ անհարմար է, այդպիսի բաներ մի ասեք, բայց դուրս եկեք փողոց ու լսեք թե ինչ են խոսում: Պաշտպանեք ձեր նախկին կարիերան»,-ասաց նա:
ԲՀԿ-ական գործիչը կոչ արեց միանալ վարչապետի հրաժարականը պահանջողներին. «Դուք վաղը չեք կարողանալու պատասխան տաք ձեր երեխաներին, թոռներին, թե ինչու է 5 հազար մարդ զոհվել, թե ինչու ՀՀ-ում այս պահին այս վիճակն է: Ձեր մեջ կան շատ հայրենասեր մարդիկ, միացեք մեր կոչին, դուրս եկեք հանրահավաքի, որ վաղը ձեր երեխաներին ասելու բան ունենք: Ձեզ վաղը ձեր երեխաները հարցախեղդ են անելու: Ախր դուք էլ եք հասկանում, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը: Ես ողջունում եմ ավագանու այն անդամներին, որոնք իրենց մանդատը վայր են դրել: Ես իրանց ցավը տանեմ, հալալ լինի էդ տղերքին: Հասկացել են իրավիճակը: Ես բոյկոտում եմ այս նիստը»,-հայտարարեց Արմեն Ներսիսյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը արձգանքեց, որ ինքն ամեն օր դուրս է գալիս փողոց, քայլում է փողոցում, շփվում է ժողովրդի հետ. «Այո, հաճախ նաեւ ինչ-որ բաներ են ասում: Ձեր մասին էլ են ասում, ես էլ եմ ձեզ պաշտպանում: Բայց դե հիմա ինչ արած: Ցավոք, նաեւ այդպես էլ է լինում»:





























