Անհրաժեշտ է մեկ տարով հետաձգել բաց ցուցափեղկերի վրա ծխախոտի վաճառքի արգելքը: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակ, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Տվյալ օրենսդրական նախաձեռնության հեղինակներ են նաեւ «Իմ քայլի» պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը: Պատգամավորները, մասնավորապես, նշեցին, որ արգելքն անհրաժեշտ է առողջության պահպանման համար, եւ որ դրա կարեւորությունը ենթակա չէ քննարկման: Միեւնույն ժամանակ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված բարդությունները, առաջարկվում է եւս մեկ տարով հետաձգել արգելքն ու այն գործի դնել 2022 թվականի հունվարի 1-ից: «Այդ առաջարկը սահմանվում է ճգնաժամային պայմաններում հարկահավաքն աջակցելու համար, քանի որ հարկերի մի մասը հավաքվում է նաեւ ծխախոտի վաճառքից»,-պարզաբանեց Թունյանը:
Նշենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից առաջարկվում էր ամբողջությամբ փակել ծխախոտի ցուցադրումը խանութների ցուցափեղկերում: Օրենքով նախատեսված այդ եւ այլ մի շարք սահմանափակումներ վերաբերում են ոչ միայն ծխախոտին, այլ նաեւ այլ ծխախոտային արտադրատեսակներին, ներառյալ՝ էլեկտրոնային ծխախոտներ:
Քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:



























