PKK-ի ցմահ դատապարտված առաջնորդ Աբդուլահ Օջալանի Սիրիայից վտարման 12-րդ տարվա կապակցությամբ Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Այդ թվում՝ հատուկ փակ են եղել խանութները եւ առեւտրային տաղավարները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը Քրդական հարցի կարգավորման նախաձեռնության աշխատանքների շրջանակներում ժամանել էր Դիարբեքիր եւ զարմացել իր տեսածից։ Դիարբեքիրում փակված էր խանութների եւ առեւտրական տաղավարների 80 տոկոսը։ Բողոքի այս ձեւը երկար տարիներ նման մասշտաբի չէր հասել։

Շըրնաքի Ջիզրե ավանում տեղի է ունեցել բողոքի ցույց եւ բախում տեղի ոստիկանության եւ քրդերի միջեւ։ Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ։ Ցուցարարները կոտրել են պետական հաստատությունների պատուհանները։

Բաթմանում նույնպես բողոքի նույն ձեւն էր։ Այստեղ եւս փակ էր առեւտրական տաղավարների մեծ մասը։

Մարդինի հարակից շրջաններում ոստիկանությունը ձեռնարկել է արտակարգ միջոցառումներ՝ կանխելու քուրդ բնակչության հետ բախումը։ Այստեղ եւս փակ էին առեւտրական եւ արհեստագործական տաղավարները։

Հաքքարիում եւ նրա շրջակա շրջաններում առավոտվանից սկսած փակ են եղել բոլոր խանութները եւ արհեստագործական տաղավարները։ Բաց են եղել միայն դեղատները եւ հացի փռերը։

Վանում նույնպես բողոքի նույն ձեւն էր։ Բաց էին միայն դեղատները եւ հացի փռերը։ Վանում հավաքված ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի է ունեցել բախում։ Ցուցարարները քարերի տարափ են տեղացել թուրք ոստիկանների վրա։