Մոսկվայի քաղաքային դատարանը կրկին չի կարողացել երդվյալների կոլեգիա ընտրել՝ նրանց մասնակցությամբ քննելու Խաչատուրյան ավագ քույրերի գործը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:
Նա հայտնել է, որ դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել փետրվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին:
Սա երդվյալներ ընտրելու վերցերորդ փորձն էր։ Նախկինում ընտրությունը տեղի չէր ունեցել նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելու հետեւանքով տուժած կողմի չներկայանալու պատճառով:
Հիշեցնենք, որ Միխայիլ Խաչատուրյանը սպանվել էր 2018-ի հուլիսի 27-ին։ Երեք դուստրերը իրենց հորը դանակի եւ մուրճի բազմաթիվ հարվածներ էին հասցրել: Քննությամբ հաստատվել է, որ հանցագործության դրդապատճառը անձնական անբարյացակամությունն էր՝ պայմանավորված երկար ժամանակ նրանց պատճառված ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներով։ Քննությունն աղջիկների գործողությունը որակել է որպես նախնական համաձայնությամբ մարդկանց խմբով սպանություն։ Ընդ որում հիմնական գործից առանձնացված են կրտսեր քրոջ վերաբերյալ նյութերը, քանի որ նա փորձագետների կողմից նրան մեղսագրվող հանցագործության պահին անմեղսունակ է ճանաչվել։ ՔԿ-ն պնդում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառել բժշկական բնույթի միջոցներ, քանի որ նա հարկադիր բուժման կարիք ունի։ Նրա վերաբերյալ գործը քննվում է Բուտիրսկու դատարանում փակ ռեժիմով։




























