Նորվեգիայի կառավարությունը կսկսի աստիճանաբար մեղմացնել կորոնավիրուսի կապակցությամբ մայրաքաղաքի մարզում ներդրված լոքդաունը` թույլ տալով փետրվարի 3-ից վերսկսել որոշ խանութների եւ հանգստի օբյեկտների աշխատանքը: Այս մասին, ըստ Reuters-ի, հայտնել է առողջապահության նախարար Բենթ Հոյեն:
COVID-19-ի ավելի շատ վարակիչ տիպի բռնկումը, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, ստիպել էր ավելի խիստ միջոցներ ներդնել հունվարի 23-ին, այդ թվում` փակել առաջին անհրաժեշտության խանութներն Օսլոյում եւ երկրի մայրաքաղաքի շուրջ: «Նորվեգիայում վարակները շարունակում են կրճատվել, եւ մենք այժմ բռնկման եւ տարածման ավելի լավ ամփոփում ունենք»,- ասել է նախարարը մամուլի ասուլիսին:
Այնուամենայնիվ, մայրաքաղաքի տարածաշրջանում իրավիճակն անորոշ է մնում, եի սահմանափակումների վերացումն աստիճանական կլինի: Խանութներից բացի, կբացվեն նաեւ ռեստորանները, որոնց կարգելվի ալկոհոլ վաճառել: Ավելի քիչ սահմանափակումներ են սպասվում նաեւ դպրոցներին, ինչը թույլ կտա ավելի շատ դասեր անցկացնել դասասենյակներում:
Նորվեգիայի սահմանի փակումը ուժի մեջ է առնվազն մինչեւ փետրվարի 11-ը:
Մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 62276 դեպք եւ 563 մահվան դեպք, ինչն այն դարձնում է Եվրոպայի ամենաքիչ տուժած երկրներից մեկը, հայտնում է Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտը:





























