Ամենազարհուրելին այն է, երբ քաղաքական ուժը պատասխանատվություն չունի: Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ընդդիմադիրը նշեց, որ գործող իշխանության կարծիքով՝ Հայաստանում վերջին շրջանում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել:
«Իսկ ի՞նչ է եղել: Ընդամենը հանձնել ենք Արցախը, զոհվել են ավելի քան 5 հազար մեր լավագույն տղաները, ընդամենը տասնյակ հազարավոր արցախահայեր տեղահանվել են, ընդամենը ծնողները փնտրում են իրենց զոհված որդիների դիակները կամ այն, ինչ հնարավոր է գտնել իրենց որդիների դիակներից եւ չեն գտնում»,- զգացմունքային հայտարարեց Զոհրաբյանը՝ նշելով, որ նախկինում էլ մարդիկ Հայաստանից հեռանում էին, սակայն երկիրը դեռեւս երբեք չի գտնվել այսքան ծանր եւ անմխիթար վիճակում:
Պատգամավորը նշեց, որ չնայած բազմաթիվ խնդիրներին եւ երկրում իշխող անարդարությանը, ոչ մի իշխանություն թշնամուն հող չի հանձնել:





























