ՆԱՍԱ-ն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դրած խնդիրների կատարման շրջանակում  ստեղծում է կլիմայի հարցերով ավագ խորհրդականի նոր պաշտոն:

Գեւին Շմիդտը, որը ներկայումս ղեկավարում է Նյու Յորքում ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական գիտությունների ինստիտուտը (GISS), այս պաշտոնում պարտականությունները կատարելու է այնքան ժամանակ, մինչեւ կընտրվի մշտական թեկնածու:

«Ավագ խորհրդականը ՆԱՍԱ-ի ղեկավարությանը կտրամադրի տեղեկատվություն եւ գործակալության կլիմայի հետ կապված գիտական, տեխնոլոգիական եւ ենթակառուցվածքային ծրագրերի ամբողջ սպեկտրով հանձնարարականները»,- ասել է ՆԱՍԱ-ի ադմինիստրատորի պաշտոնակատար Սթիվ Յուրչիկը:

ՆԱՍԱ-ն, հնարավոր է, ավելի հայտնի է իր տիեզերական հետազոտություններով, բայց մոլորակի ուսումնասիրումը նույնպես նրա առաքելության առանցքային մասն է:

ՆԱՍԱ-ն ունի ավելի քան երկու տասնյակ արբանյակներ եւ սարքեր, որոնք հետեւում են կլիմայական առանցքային ցուցանիշներին, եւ համարվում է Երկրի վրա կատարվող փոփոխությունների հետազոտման առաջատար գործակալություններից մեկը:

Նոր գիտական խորհրդատուն նաեւ առաջադրելու է նախաձեռնություններ աերոգնացության եւ այլ տեխնոլոգիաների ոլորտում՝ ուղղված ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատմանը: