Երկրորդ աշխարհամարտի հույն վետերան, նավատեր, բիզնեսմեն եւ բարերար Յակովոս Ցունիսը հայտարարել է, որ 23 մլն եվրո կհատկացնի Հունաստանի պաշտպանությանը եւ հատուկ նշանակության ջոկատի համար ձեռք կբերի 60 նոր դեսանտային նավեր, հայտնում է Eleftheros Typos-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ 97-ամյա Ցունիսը հայտարարել է, որ փաստացի իր ամբողջ կարողությունը նվիրաբերում է Հունաստանի զինված ուժերին եւ «ցանկանում է կյանքից այնպես հեռանալ, ինչպես եկել է, իսկ հատկապես՝ առանց ոչ մի բանի, փաստացի ոտաբոբիկ»:
Հույն վետերանի եւ բարերարի այս ահռելի նվիրատվության համար ջերմ շնորհակալություն են հայտնել Հունաստանի ԱԳ առաջին փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը եւ Հունաստանի խորհրդարանի անդամները: Վարվիցիոտիսը շեշտել է, որ պետությունը նավատիրոջը պետք է առավելագույն պատվի արժանացնի ի նշան հարգանքի նրա պատմական արարքին՝ Ցունիսին բնութագրելով որպես «իր ամբողջ կյանքի ընթացքում հունական զինված ուժերի նվիրված եւ հետեւողական բարերար»:
Ցունիսին երկրում պատվում են որպես ազգային բարերարի: Նա ծնվել է Պատրի նավահանգստային քաղաքում եւ 1821-1829 թվականներին Օսմանյան կայսրության 400-ամյա լծից անկախության համար պատերազմի մասնակիցների ժառանգն է: Նա 16 տարեկանում մարտնչել է հունա-ալբանական ճակատում 1940 թվականին Հունաստան ներխուժած Մուսոլինիի իտալական զորքերի դեմ: Ցունիսը պատերազմից հետո մաքսավոր է աշխատել Պիրեյ նավահանգստային քաղաքում, իսկ 1966 թվականին զբաղվել է նավագնացությամբ՝ ձեռք բերելով ընդհանուր առմամբ 13 առեւտրային նավեր, որոնք նրան մեծ կարողություն են բերել: Նա շարունակել է զբաղվել նավատիրական բիզնեսով՝ անցկացնելով նաեւ բարեգործական մեծ աշխատանք: Ցունիսը Էգիոն քաղաքում հիմնադրել է «Յակովոս Ցունիս» սեփական թանգարանը, ինչպես նաեւ թանգարան՝ Աթենքի Պապագու շրջանում իր մշտական նստավայրի մորձակայքում:
Զինված ուժերի զարգացման մեջ իր ընդհանուր ավանդի համար 2020 թվականին վետերանին շնորհվել է պատվավոր գեներալ-մայորի կոչում: Անցյալ տարի Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը Ցունիսին սուր է նվիրել՝ ի նշան գնահատանքի երկրի զինված ուժերի առաջ ունեցած ակնառու ծառայության համար:





























