Սաուդյան Արաբիան փակում է զվարճանքի կենտրոնները, այդ թվում՝ կինոթատրոնները՝ խստացնելով սահմանափակումները կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին, հաղորդում է AFP-ն:

Թագավորությունը 30 օրով դադարեցրել է «բոլոր միջոցառումներն ու երեկույթները», ներառյալ հարսանիքները՝ բանկետների սրահներում կամ հյուրանոցներում»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: Փակվում են նաեւ կինոթատրոններն ու խաղային սրահները, իսկ ռեստորաններն ու սրճարանները կսպասարկեն միայն դուրս տանելու համար:

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառումներն ուղղված են համավարակի «երկրորդ ալիքի բռնկումը կանխելուն»:

Երկիրը նախօրեին դադարեցրել է 20 պետությունների քաղաքացիների մուտքը երկիր՝ վարակների ալիքը կանխելու համար։

Սաուդյան Արաբիան հայտնել է կորոնավիրուսի մոտ 369 000 դեպքերի եւ 6400 մահվան դեպքերի մասին, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Պարսից ծոցի երկրների շարքում:

Սաուդյան Արաբիան Pfizer-BioNTech պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալուց հետո դեկտեմբերի 17-ին սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ սկսելով 65-ից բարձր տարիք եւ քրոնիկ հիվանդություն կամ վարակի բարձր ռիսկ ունեցող անձանցից:

Սակայն նախորդ ամիս նախարարությունը հայտնել էր, որ պատվաստանյութերի մատակարարումներն ուշանալու պատճառով ստիպված է դանդաղեցնել պատվաստումները: