Ուգանդայի աշխարհազորի նախկին ղեկավարը միջազգային քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ, գրում է Guardian-ը:
Դոմինիկ Օնգվենը մեղավոր է ճանաչվել սպանության, բռնաբարության, սեռական ստրկության, առեւանգման եւ խոշտանգումների 61 մեղադրանքներով, որ կատարել է որպես «Աստծո դիմադրության բանակի» հրամանատար՝ դաժան պաշտամունք, որը Ուգանդայում եւ հարեւան երկրներում բռնության արյունալի արշավ է վարել 1980-ականների կեսերից։
Դատարանը մերժել է պաշտպանական կողմի փաստարկներն այն մասին, որ քանի որ 41-ամյա Օնգվենը 10 տարեկանում առեւանգվել է LRA-ի կողմից, ստիպողաբար է հանցագործություններ կատարել:
2016-ի դեկտեմբերին իր առաջին ելույթի ժամանակ Օնգվենն ասել է, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում եւ «այն մարդկանցից մեկն է, ում դեմ LRA-ն վայրագություններ է կատարել»:
Օնգվենի փաստաբանները նաեւ պնդել են, որ նա խորը տրավմայի է ենթարկվել խմբում գտնվելու ընթացքում, ուստի պատասխանատվություն չի կրում իր արարքների համար:
Նախագահող դատավոր Բերտրամ Շմիդտն ասել է, որ հսկայական թվով վկաներ բերում են համոզիչ ապացույցներ, որոնք նրան նկարագրում են որպես լիովին իրեն վերահսկող մարդու:



























