Բայդենի վարչակազմը կարծում է, որ ՌՀԶ-3 պայմանագրի երկարաձգումը ռազմավարական ներգրավվածության առաջին փուլն է, եւ կոչ է անում Չինաստանին միավորել ջանքերը միջուկային պաշարների կրճատման ուղղությամբ, հայտարարել է Զինաթափման համաժողովին ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էին, որ հինգ տարով երկարաձգել են զենքի վերահսկման ռազմավարական պայմանագիրը` այդպիսով պահպանելով վերջին պայմանագիրը, որը սահմանափակում է աշխարհի երկու խոշորագույն ռազմավարական միջուկային զինանոցների տեղակայումը:

Ելույթ ունենալով զինաթափման վերաբերյալ վիրտուալ համաժողովին Ժնեւում` Վուդը կոչ է արել հետագա ջանքեր գործադրել ստուգման մեխանիզմ ստեղծման համար, որն ավելի շատ զենք եւ ավելի շատ երկրներ է ընդգրկում: «ԱՄՆ-ն եւս ձգտելու է Չինաստանին միջուկային զենքի վերահսկողության եւ ռիսկերի մեղմացման շուրջ համագործակցության մեջ ներգրավելու ուղղությամբ: Հուսով եմ, որ Չինաստանը կմիանա մեզ այդ ջանքերում»,- ասել է Վուդը, ով նաեւ ԱՄՆ հանձնակատարն է ՌՀԶ-3-ի հարցով երկկողմ խորհրդատվական հանձնաժողովում:

Ռուսաստանի ներկայացուցիչ Գենադի Գատիլովը նույնպես ողջունել է համաձայնագրի երկարաձգումը: Չինաստանի խոսնակ Լի Սունը ողջունել է երկկողմ համաձայնագիրը` նշելով, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն «աշխարհի ամենամեծ միջուկային տերություններն են»: «Չինաստանը հույս ունի աշխատել հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա բոլոր միջուկային տերությունների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի հետ` մասնակցելով երկկողմ երկխոսությանն անվտանգության հարցերի, անվտանգության փոխադարձ միջոցառումների ընդլայնման եւ թափանցիկություն ու վստահության բարձրացման ուղղությամբ»,- ասել է նա:

Գերմանիայի դեսպան Պետեր Բերվերթն ասել է, որ պայմանագրի երկարաձգումը «կարեւոր ազդանշան է 2021 թվականի համար» եւ ցույց է տալիս, որ «բացասական միտումները կարող են փոխվել քաղաքական բարի կամքի օգնությամբ»: «Դա նույնպես ճանապարհ է բացում հետագա զարգացման համար, որն սուր անհրաժեշտություն է, հատկապես` որոշ միջուկային տերությունների աճող զինանոցների ֆոնին»,- հավելել է Բերվերթը: