Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նախատեսում է ավելացնել ԱՄՆ փախստականների մուտքի քվոտան: «Այսօր ես հաստատում եմ կարգադրությունը` սկսելու փախստականների ընդունման մեր ծրագիրը վերականգնելու քրտնաջան աշխատանքը, որպեսզի օգնենք բավարարել աննախադեպ համաշխարհային կարիքները»,- ասել է Բայդենը: «Ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնվի այն, ինչին այդքան մեծ վնաս է հասցվել»:
Երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց իր պաշտոնը 2017-ին, նրա նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից սահմանված ֆինանսական տարվա փախստականների առավելագույն թիվը 110 000 էր: Թրամփը պաշտոնից հեռացավ այն բանից հետո, երբ ընթացիկ ֆինանսական տարվա համար սահմանեց 15 000-ը՝ սա 1980-ին Փախստականների մասին օրենքի ընդունումից ի վեր ամենացածր մակարդակն էր:
Բայդենը պարտավորվել է հոկտեմբերի 1-ից սկսած 12 ամսվա ընթացքում փախստականների ընդունելության տարեկան չափը հասցնել 125 000-ի: Նախագահը նախքան տարեկան չափը սահմանելը պետք է խորհրդակցի Կոնգրեսի հետ:
Նախագահը նաեւ ասել է, որ ինքը հրահանգ կտա գործակալություններին` միջազգային մակարդակով խթանելու ԼԳԲՏ իրավունքները, ներառյալ ԼԳԲՏ փախստականների եւ ապաստան հայցողների պաշտպանությունը:





























