ԵՏՄ-ում մաքսային վարչարարության թվայնացման եւ միասնականացման հետաձգումը կհանգեցնի Միության երկրների միջեւ սահմաններին վերահսկողության վերադարձին: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով Digital Almaty 2021 համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գործընկերներ, մեր տնտեսությունների եւ ինքնիշխանությունների համար սպառնալիք են ոչ թե ընդհանուր թվային հարթակներն ու համակարգերը, այլ հենց դրանց բացակայությունը: Եթե չզբաղվենք դրանց ստեղծմամբ, որպեսզի ապահովենք ընդհանուր ապրանքային շուկաների թափանցիկությունը, ապա, ըստ էության, դա հավասարազոր կլինի երկրների միջեւ մաքսային սահմանների վերականգնմանը: Սա այն է, ինչից մենք հեռացել ենք Միությունը ստեղծելով»,- ասել է նա:

Միշուստինը հավելել է, որ «եթե հետաձգվի թվայնացումն ու միասնականացումը, այդ թվում՝ արտաքին շղթայում բոլորի համար միանման մաքսային վարչարարությունն ու վերահսկման մյուս տեսակները, ստիպված կլինենք վերադառնալ ներքին սահմանին վերահսկման միջոցներին»:

ՌԴ վարչապետը նաեւ կարծում է, որ սեփական թվային հարթակներ չունեցող պետությունները վտանգված են հայտնվելու օտարների որոշումներից տեղեկատվական, քաղաքական եւ տնտեսական կախվածության մեջ: «Համավարակը ոչ միայն արագացրեց թվային փոխակերպումը, այլեւ սրեց դրա հետ կապված ռազմավարական մարտահրավերները եւ սպառնալիքները,- նշել է նա: - Երկրները, որոնք չունեն սեփական թվային հարթակներ, վտանգվում են հայտնվելու օտարների թվային որոշումներից տեղեկատվական, քաղաքական եւ տնտեսական կախվածության մեջ»:

Միշուստինը նաեւ հույս ունի, որ Ղազախստանն ու Ղրղզստանը կմիանան «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հարթակի օգտագործմանը՝ ՌԴ հնարավոր ուղեւորությունների համար: