Անհրաժեշտ է համապարփակ ծրագիր իրականացնել` մինչեւ 2024 թվականը դեպի Հայաստան տուրիստական հոսքերի կրկնապատկման համար: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել, բարելավել մրցակցային միջավայրը, ագրեսիվ մարքեթինգային պետական քաղաքականություն վարել` օգտագործելով սփյուռքի ներուժը: Այս նպատակների համար ցանկալի է տարեկան առնվազն 1 տոկոս հատկացնել այն գումարից, որը տուրիզմը տարեկան վճարում է հարկերի տեսքով, այսինքն` մոտ 3 մլն դոլար:
Նա պարզաբանեց, որ եթե սովորաբար տուրիստական երկրները բյուջեից յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար հատկացնում են միջինում 6 դոլար, ապա Հայաստանում այդ գումարն առավելագույնը 40 ցենտ է:
«Կարեւոր է անել ամեն ինչ` տուրիստական այցերի համար անցանկալի երկրների ցուցակում չհայտնվելու համար, հատկապես` պատերազմից հետո, որի արդյունքները չպետք է փոխեն մեր մոտեցումներն այս տարածքի զարգացման հարցում: Կարեւոր է նաեւ աշխարհին արժանապատվորեն ներկայացնել Ադրբեջանի, Թուրքիայի եւ վարձկանների դեմ մեր խիզախ պայքարի պռոդուկտը, իսկ դավաճանության մասին անընդհատ խոսակցությունները ոչ մի կերպ դրան չեն նպաստում»,- ընդգծեց փորձագետը:
Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանն իր հերթին հավելեց, որ միջազգային վարկանիշային աղյուսակում մեր ցուցանիշները փոքր-ինչ ընկել են` չնայած պատերազմից առաջ Հայաստանն անվտանգության տեսանկյունից նույնիսկ ավելի բարձր էր, քան Գերմանիան` մեր հարեւանների ն չհաշված, որոնցից մենք հիմա էլ առաջ ենք անցնում, հատկապես դա վերաբերում է Ադրբեջանին եւ Վրաստանին:
«Հայաստանը պատերազմում պարտություն կրած առաջին երկիրը չէ, պարզապես նման դեպքերում սովորաբար լուրջ մարքեթինգային քաղաքականություն են վարում: Օրինակ, այն, որ Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, գիտենք երեւի միայն մենք: Մեր տուրիստական ժառանգությունն իրականում կապիտալացված չէ: Անհրաժեշտ է հեռվանալ դիլետանտիզմից: Պետությունը պետք է ավելի լուրջ մոտեցումներ ցուցաբերի»,- եզրափակեց նա:




























