Հունաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի համավարակի իրավիճակի վատթարացման պատճառով Աթենքում եւ Սալոնիկում, ինչպես նաեւ երկրի մյուս շրջաններում սահմանափակումների խստացման մասին, հայտնում է «ՄԿ»-ն:

Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիների պաշտպանության գործերով փոխնախարար Նիկոս Խարդալիասը, որը կառավարությունում պատասխանատու է ճգնաժամային իրավիճակների հետեւանքների վերացման համար:

Փետրվարի 6-15-ը Ատիկա կենտրոնական մարզում (մայրաքաղաքը Աթենք) եւ Սալոնիկում 21:00-ից մինչեւ 05:00 փողոցներում եւ հանրային, ինչպես նաեւ անձնական տրանսպորտով մարդկանց տեղաշարժման արգելք է գործելու, հանգստյան օրերին պարետային ժամը մեկնարկելու է 18:00-ից եւ տեւելու է մինչեւ 05:00: Մինչեւ փետրվարի 15-ը չեն աշխատելու լիցեյները, չնայած դպրոցներն ու մանկապարտեզները շարունակելու են գործել:

Փոխնախարարն ասել է, որ պրեֆեկտուրայից պրեֆեկտուրա տեղաշարժման արգելքը շարունակելու է գործել: