Հնդկաստանում վայրի կապիկների հոտը ներխուժել է տուն եւ հափշտակել նորածին երկվորյակներին՝ սպանելով նրանցից մեկին:
26-ամյա Ռ. Բուվանեսվարին ոստիկանությանը հայտնել է, որ կապիկները ներխուժել են Տանջավուրում գտնվող իր տուն, հայտնում է Times of India-ն: Բուվանեսվարիի խոսքով՝ ինքը տանը միայնակ է եղել երկվորյակների ու 5-ամյա դստեր հետ: Նա պնդել է, որ կապիկները գողացել են իր երեխաներին, մինչ ինքը զուգարանում է եղել:
Նա դուրս է վազել փողոց, երբ լսել է նորածինների լացը եւ տեսել, որ կապիկներից մեկը բռնել է երեխային: Դրանից հետո հարեւանները հետապնդել են կապիկին եւ փրկել աղջկան, սակայն մյուս փոքրիկին գտել են հորի մեջ, հայտնում է The Times of India:
Անտառտնտեսության թաղային տեսուչը այս միջադեպն անվանել է «հազվադեպերից հազվագյուտ» եւ ասել, որ մոր պատմածը հետաքննվում է:
«Բժշկի եզրակացության համաձայն՝ հսկողության տակ գտնվող երեխայի, ինչպես նաեւ մահացած երեխայի մարմնի վրա չկա որեւէ հետք այն բանի, որ նրանց հափշտակել են կենդանիները: Կապտուկներ, քերծվածքներ կամ դուրս ընկած հոդեր չկան: Սակայն մենք դեռեւս չենք կարողանում որեւէ եզրակացության հանգել»:





























