Հակամարտության գոտիներում յուրաքանչյուր վեցերորդ երեխային սեռական բռնություն է սպառնում զինված գրոհայինների կողմից, հայտնել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Save the Children կազմակերպության զեկույցը, որը նվիրված է Մյունխենում փետրվարի 19-ին մեկնարկող անվտանգության վիրտուալ միջազգային համաժողովին:
Հակամարտության գոտիներում բնակվող 426 միլիոն երեխաներից գրեթե 72 միլիոն աղջիկ եւ տղա սեռական բռնության մեծ սպառնալիքի տակ են: Ավելին, վերջին 30 տարիների ընթացքում ռիսկի խմբում գտնվող երեխաների թիվը տասնապատկվել է: 1990-ին սեռական բռնության սպառնալիքի տակ 8,5 միլիոն երեխա է եղել, ասվում է զեկույցում, հաղորդում է DW-ն:
Փորձագետները բացատրում են, որ սեռական բռնությունը ներառում է բռնաբարությունը, սեռական ստրկությունը, հարկադիր մարմնավաճառությունը, հարկադիր ստերիլիզացումը եւ կանանց արտաքին սեռական օրգանների հեռացումը: Իրավիճակը հատկապես բարդ է Իրաքում, Եմենում, Կոլումբիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում եւ Սիրիայում:
Save the Children-ի գնահատականների համեմատ՝ պաշտոնական թվերը շատ ավելի ցածր են: 2006 թվականից ի վեր ՄԱԿ-ը հաշվել է աշխարհում զինված բախումներում սեռական բռնության ավելի քան 20 հազար դեպք: Save the Children-ի ղեկավար Սյուզաննա Կրյուգերն այս կապակցությամբ հայտարարել է, որ պաշտոնական թվերը միայն այսբերգի գագաթն են: «Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը շատ հազվադեպ է գրանցվում նաեւ խաղաղ ժամանակներում, իսկ զինված հակամարտությունների ժանմանակ՝ ավելի հազվադեպ: Բռնաբարությունը եւ սեռական բռնության այլ ձեւեր ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում որպես պատերազմի զենք»,- ասել է նա: Կրյուգերն ընդգծել է, որ վիճակագրության մյուս կողմում կան անհամար զոհեր, ովքեր օգնության խիստ կարիք ունեն: «Երեխայի նկատմամբ սեռական բռնությունը բացարձակապես անընդունելի հանցագործություն է»,- ասել է նա՝ նշելով, որ ավելի հաճախակիացել են այն դեպքերը, երբ նման վայրագություններն իրականացվում են պետական ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից:





























