Կիրակի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը հայտարարել է, որ դեռեւս չի ստացել տեղեկատվություն Տանզանիայից այն մասին, թե երկիրն ինչպիսի միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

«Այդ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ: Ես դարձյալ կոչ եմ անում Տանզանիային սկսել հաղորդել COVID-19-ի դեպքերի մասին եւ կիսվել տեղեկատվությամբ»,-նշված է ԱՀԿ գործադիր տնօրենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Թեդրոսը հայտարարել է, որ հունվարի վերջում նա միացել է Աֆրիկայում ԱՀԿ ղեկավար Մաթշիդիսո Մոեթիին եւ կոչ արել Տանզանիային ընդլայնել հանրային առողջապահության միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարում եւ պատրաստվել պատվաստանյութերի տարածմանը:

«Ես նաեւ կոչ եմ արել տվյալները փոխանակել ճանապարհորդների շրջանում COVID-19-ի դեպքերի մասին հաղորդագրությունների լույսի ներքո»,-ասել է նա:

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին վայելում է երկրի ղեկավարի հեղինակություն, որն առավելապես կասկածանքով է տրամադրված COVID-19 համավարակի դեմ պայքարի ջանքերի նկատմամբ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մագուֆուլին կոչ է արել իր երկրի բնակչությանն աղոթել երեք օրվա ընթացքում կորոնավիրուսը հաղթահարելու համար: